▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոինգ-737 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին․ Նավիկ Խաչատրյան

Ըստ իմ աղբյուրի՝ EK-FAA B737-300 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին, գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանն՝ անդրադառնալով օրերս տարածված տեղեկությանը, թե փետրվարի 21-ին ՀՀ ՔԱԿ-ը հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից։

Նա, մասնավորապես, գրել է․

«EK-FAA B737-300 օդանավի սեփականատերը լիտվական Magnetic Leasing վարձատուն է, օդանավը վարձակալությամբ տրվել է Fly Armenia-ին անցած տարվա ամռանը, մեր ՔԱԿ-ը այն գրանցել է այս տարվա հունվարին։

Օդանավը փետրվարի կեսին դատարկ չվերթով ուղեւորվել է Տալլին`տեխնիկական սպասարկման, հետո Վառնա`նույնպես տեխսպասարկման, հետո Շարջա նույնպես տեխսպասարկման` այս վերջին չվերթի վերջում օդաչուները emergency landing են ուզել Թեհրանի օդանավակայանի վերգետնյա ծառայություններից եւ իջել Թեհրան` 21/02/2021-ին։

Ըստ իմ աղբյուրի օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին։ Գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։

Կա տեղեկատվություն (ես դեռ ինքս չեմ ճշտել), որ Fly Armenia-ին պատկանող մյուս բոինգը EK-FAB գրանցման համարանիշով անցած տարվա դեկտեմբերի 2-ից նույնպես գտնվում է Թեհրանում։

Ինչ ասեմ…մի հրաշք վերահսկողություն ոլորտի ղեկավար ՀՀ ՔԱԿ-ի կողմից…

Չնայած`ինչ եմ կորցրել` ինչ եմ ման գալիս…»։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր,  որ փետրվարի 21-ին ՀՀ ՔԱԿ-ը հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից։ Ըստ նրա ունեցած տեղեկությունների՝ օդանավը պետք է վայրէջք կատարեր Երեւանում, բայց օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման:

«Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում։ Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սեւ ցուցակում»,- գրել էր նա։

Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն  էր տարածել, որ  Boeing 737 տիպի օդանավի առեւանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել, եւ ՔԱԿ-ը տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: ՔԱԿ-ի մեկ այլ հաղորդագրությամբ՝ նշված օդանավում ուղեւորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին