▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բուկինիստ» գրախանութն ադրբեջանական քարոզչություն պարունակող գիրք է վաճառում

«Բուկինիստ» գրախանութի էլեկտրոնային էջում տեղադրված է ադրբեջանցի հեղինակ Նազիմ Ջաֆարլիի  «Азербайджанское государство Сефевидов. Государственный строй» գիրքը, որը հրատարակվել է 2009-ին:

Քանի որ «Բուկինիստի»-ից տեղեկացրին, որ տնօրենն այս պահին գտնվում է Մոսկվայում, ASEKOSE.am-ի թղթակիցը կապ  հաստատեց «Բուկինիստ»-ի փոխտնօրենի հետ, ով ներկայացավ միայն անունով` Լորիս: Ի պատասխան մեր հարցին, թե ինչ նպատակով է վաճառվում ադրբեջանական քարոզչություն պարունակող գիրքը, փոխտնօրենը պատասխանեց.

«Հակագիտությունը ևս գիտություն է: Քանի որ բոլորիս է հայտնի, որ ադրբեջանցիներն ակտիվ քարոզչություն են անում, մենք բերել ենք այդ գիրքը, որ հայ մասնագետները պատմաբանները տեսնեն, ծանոթանան այդ քարոզչությանը և փորձեն հակաքարոզչություն ծավալել: Եթե հնարավոր լիներ, մենք Ադրբեջանական այլ գրքեր ևս կբերենք  և կվաճառեինք»:

Դիտարկանը, թե գիրքը հաջողությամբ  կարող է  հայտնվել ցանկացած մարդու սեղանին և ապակողմնորոշել հատկապես այն մարդկանց, ովքեր մասնագետ չեն և այդքան էլ ծանոթ չեն ադրբեջանական քարոզչությանը, պատասխանեցին, որ տեսականորեն հիմա շատ դժվար է այդպիսի մարդ գտնել, ով ծանոթ չէ:

Մեր պնդմանը, թե ադրբեջանցի հեղինակի գիրքն արդեն իսկ հակահայկական քարոզչություն է, փոխտնօենը հակադարձեց.

«Նույն հաջողությամբ կարող եք ասել, որ Ղուրանը, կամ մեկ այլ կրոն քարոզող գրականությունն էլ պիտի չվաճառվի»:

Փոխտնօրենը մեկ անգամ ևս պնդեց, որ  գիրքը բերվել է Հայաստան` միմիայն գիտնականների համար, քանի որ դժվար է այն ձեռք բերել: Նա նաև նշեց, որ 40 000 անուն գրականության մեջ ունեն Ցեղասպանության մասին պատմող գրքեր, ինչպես նաև հայոց պատմություն` ոչ հայ հեղինակների ներկայացմամբ:

ASEKOSE.am-ի թղթակիցը խնդրի շուրջ  զրուցել է    ԵՊՀ ադրբեջաներենի դասախոս Լիլիթ Մովսիսյանի հետ, ով, անդրադառնալով երևույթին նախ շեշտեց, որ հաճախ անձամբ շրջում է գրախանութներում, սակայն մինչ օրս նման գրքեր չի տեսել: Մեր զրուցակիցը նշեց, որ գրքի բովանդակությանը ծանոթ չէ, սակայն եթե հեղինակն ադրբեջանցի է, միանշանակ,  գիրքը հակահայական քարոզչության տարրեր պարունակում է:

«Այսպիսի գրականությունը կարող է հետաքրքրել շատ նեղ շրջանակների միայն: Օրինակ` գիտնականների, ովքեր հետաքրքվում են, թե ինչպես են ադրբեջանցիները ներկայացնում իրենց պատմությունը, ծագումը: Իսկ լայն շրջանակաների համար նման գրքերը վտանգ են ներկայացնում: Դրանք կարող են ապակողմնորոշել»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Մովսիսյանը` հավելեով

«Իմ փորձից ելնելով`ադրբեջանական ցանկացած գրքում որտեղ նշվում է ադրբեջանցիների ծագման մասին, անպայման շեշտվում է, որ իրենք բնիկ են Առաջավոր Ասայում, իսկ հայերը քոչվոր են, եկվորներ են այդ տարածքում»:

 

Փաստորեն հայաստանյան գրախանութում անարգել  վաճառվում է ադրբեջանական քարոզչություն պարունակող գիրք, ասել է թե` հերթական անգամ ինքներս ենք ջուր լցնում հակառակորդի ջրաղացին:

Անկախ բոլոր մեկնաբանություններից`  մի բան հստակ է. գիրքը հաջողությամբ կարող է ազդել ցանկացած մարդու գիտակցության վրա, ով խորապես չի ուսումնասիրել ոլորտը, ծանոթ չէ ադրբեջանական քարոզչությանը: Իսկ մասնագետներն, ովքեր հետաքրքրված են ադրբեջանի պատմությամբ, կարող են իրենց անհրաժեշտ տեղեկությունը  մեկ այլ եղանակով  ձեռք բերել: ԵՎ ի վերջո, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ազատ վաճառքում գտնվող գիրքը ով կգնի և ով կընթերցի:

Ի դեպ` ռուսական աղբյուրներում գրքի նկարագրության մեջ նշված է, որ այն ներկայացնում է  ադրբեջանական պետականության պատմության մասին հասարակությանը մինչ օրս քիչ հայտնի փաստեր: Իսկ թե ադրբեջանցի հեղինակը ինչ «ուշագրավ» փաստեր է ներկայացնում մեր ծագման ու պատմության մասին, հեշտությամբ կարելի է  պատկերացնել:

Եվ վերջապես, դժվար թե ադրբեջանական որևէ գրախանութում հայկական քարոզչության տարրեր պարունակող գիրք վաճառվի:

 

Հեղինակ`

Հասմիկ Գյոզալյան  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին