ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Այսօր.am-ին հաստատել են, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը սահմանված ժամկետում պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի հեռուստաընկերության լիցենզիան կասեցնել:
«Եթե հեռուստաընկերությունը 24 ժամ եթեր չի հեռարձակվում, դրանից հետո ՀՌՀ-ն կարող է լիցենզիան կասեցնել, սակայն եթե պարտքը սահմանված ժամկետում վճարեն, ոչ մի խնդիր չի լինի: Նման հեռուստաընկերություններ էլի կան, որոնք պարտքեր են ունեցել, սակայն սահմանված ժամկետներում վճարումներ են կատարել ու ոչ մի խնդիր չի եղել», - նշել են նախարարությունից:
«Ֆրինյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանն էլ Aysor.am-ին ասել է, որ թեմայի շուրջ չի ցանկանում մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարիամ Մարգարյանն Այսօր.am-ին ասել էր, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարների ուշացումներ են եղել, սակայն իրենք պատրաստվում են առաջիկայում պարտքն ամբողջությամբ մարել:
ԱրմԼուր.am-ը գրել էր,որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։