▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր օր է սպասվում ՀՀ ԱԳ նախարարին

Ըստ այսօր տարածված պաշտոնական լրատվության, վաղը` սեպտեմբերի տասին, ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հրավիրվել է ՀՀ Ազգային Ժողով` բացատրություններ ու պարզաբանումներ տալու պատգամավորներին  Մաքսային Միությանը ՀՀ-ի միանալու հետ կապված գործընթացի շուրջ: Է. Նալբանդյանի հրավերի պահանջը դրվել է դեռ անցյալ շաբաթ ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կողմից ու նաև այսօր որոշ պատգամավորների կողմից: Այսպիսով, եթե հաշվի առնենք արդեն այսօր ԱԺ-ում տիրող տրամադրոյթյունները, վաղը նախարար Նալբանդյանին բավականին ծանր օր է սպասվում ու թերևս այս կանխատեսմամբ էլ հանդիպումը լինելու է փակ:
Ամենայն հավանականությամբ Է. Նալբանդյանը փորձելու է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կայացրած որոշումն հիմնավորել օգտագործելով մինչ այժմ շրջանառության մեջ դրված հաղթաթղթերը, որոնք են` ՀՀ ազգային ու պետական անվտանգության, ՀՀ էներգետիկ անվտանգության, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցերը, <<և, ... և>> սկզբունքի հետագա կիրառման հնարավորությունը և այլն: Անշուշտ քննարկման առավել բարդ հարցերից է լինելու Արևմտյան քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների կողմից թմբկահարվող ՀՀ իշխանությունների հանդեպ գործադրված հնարավոր ճնշման ու շանտաժի հարցը: Թերևս Է. Նալբանդյանը օգտագործելու է նաև Մաքսային Միությանն անդամակցելու օգտակարության տնտեսական բաղադրիչը, քանի որ արդեն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Ռուսաստանը բավական թանկ գին է տվել ՀՀ-ին այս միությանը միանալու դիմաց: Ինչ որ է` գոնե տեսականորեն ՀՀ ԱԳ նախարարը պարտավոր է պատշաճ կերպով հիմնավորել կատարված պատմական քայլն ու կայացված բախտորոշ որոշումը, քանի որ այսօր արդեն հայտնի դարձավ, որ արդեն եկող տարվա մայիսինստորագրման համար պատրաստ կլինեն Մաքսային Միությանն անդամակցության համար ՀՀ համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, և հաշվի առնելով, որ այն միջպետական փաստաթուղթ է վավերացման համար անհրաժեշտ է լինելու Ազգային Ժողովի հավանությունը: Անաչառության համար պետք է նշել, որ Նալբանդյանի ընդդիմախոսողների փաստարկները ևս բավական հզոր են. ամենայն հավանականությամբ վերջիններս մեջտեղ կբերեն ՀՀ եվրաինտեգրման գործընթացների շարունակականության հարցը, որը չափազանց կարևոր է, քանի որ Արևմուտքի համար այդ գործընթացները, որոնք առնչվում են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը, մարդու իրավունքներին, համակարգային բարեփոխումներին և այլն, այն գրավականն են, որը ստեղծում է վստահության միջավայր ոչ միայն Արևմտյան քաղաքական, այնպես էլ ֆինանսական կառույցների համար, հանգամանք, որի հետ պետք է հաշվի նստի մեծավ մասամբ արտաքին ֆինանսական հոսքով ապրող մեր ու մեր նման երկրի համար:

Ինչևէ, վաղը ականատես կլինենք, թե ՀՀ թիվ մեկ դիվանագետը ինչպես կկարողանա պաշտպանել ՀՀ նախագահի դիրքորոշումն ու կայացրած որոշումը:

Արսեն Լևոնյան


 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին