ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավում եմ, որ էմոցիաներն ու կրքերը հաղթեցին եւ քննարկումը մեզ չմոտեցրեց արդարությանը
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարեւոր քննարկում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին զինվոր կորցրած սեւազգեստ մայրերը եւ Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Ծնողները տարիներ շարունակ պնդում են, որ իրենց որդիների «ինքնասպանություն» որակումը կեղծ եւ ոչ արդար քննության արդյունք է, եւ պահանջում են գործերի վերաբացում։ Նիստին ներկա քննիչները բոլոր գործերի վերաբերյալ պատրաստ էին տալ պարզաբանումներ եւ սկսեցին ներկայացնել նախաքննական նյութերը, որոնցից բոլորը չէ, որ բավարարեցին զինվոր կորցրած ծնողներին։ Արդյունքում՝ ցավոք, կրքերը շիկացան եւ այլեւս նման մթնոլորտում նիստը շարունակելն անհնար էր։
Հանձնաժողովի որոշմամբ նիստն ընդհատվեց եւ այժմ մենք կփորձենք ծնողների հետ միասին գտնել առավել արդյունավետ ձեւաչափ՝ այս ցավոտ խնդրի քննարկումները շարունակելու եւ արդարությունը վերականգնելու համար։
Զինվոր կորցրած ծնողը գործի քննության հետ կապված որեւէ կասկած չպիտի ունենա եւ վերջ։ Ուզում եմ վստահ լինել, որ հաջորդ քննարկումները կանցնեն ավելի խաղաղ մթնոլորտում, որովհետեւ մենք մեր ներսում թշնամական խրամատներ չպիտի փորենք եւ զինվոր կորցրած ծնողը քննիչին չպիտի համարի իր թիվ մեկ թշնամին։
Էսպես մենք ոչ չի տեղ չենք հասնի։ Միմյանց լսել ու հարգել է պետք։
Ցավում եմ այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպի համար»։