▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ընդունում, որ իմ թիմը կլան է. Մարտուն Գրիգորյան

ԲՀԿ-ական պատգ ամավոր Մարտուն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը կիսելու բան չունի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, իսկ թե որն է այս երկու կողմերի միջև զինված պայքարի իմաստը, թերթը փորձել է հասկանալ հարցազրույցի միջոցով:

-Պարո°ն Գրիգորյան, շաբաթներ շարունակ Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները ողջ հանրապետության ուշադրության կենտրոնում էին: Հակամարտող կողմերից մեկը Դուք էիք, և Ձեր մտերիմ Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն, սպանվեց: Ի՞նչ ունեք կիսելու Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների հետ:
-Բացարձակ կիսելու բան չունենք: Իմ ու Ձեր ասած մարդու միջև խնդիր եղել է 2008թ. քաղաքապետի ընտրություններից հետո: Լարվածություն կար, քաղաքական բնույթի մրցակցություն էր, եթե կարելի է դա անգամ այդպես ասել: Դրանից հետո մեր հարաբերությունները շարունակվել են, քանի որ առիթ եմ ունեցել մշտապես տեսնել և ասել, որ բացարձակապես խնդիր չունեմ իրենց հետ, թշնամանք ևս, քանի որ եղել է քաղաքական պայքար, ընտրություններն անցել-գնացել են: Մի խոսքով, մեղմ ասած, կոչ եմ արել հանգստություն պահպանել, և լարվածությունը շարունակելու ցանկություն չունենք:

-Եվ Դուք, և Վ. Ղուկասյանն ասում եք, թե թշնամիներ չեք: Այդ դեպքում ո՞րն է զինված պայքարի իմաստը:
-Այդ հարցը պետք է իրեն տաք, քանի որ մենք այդ զինված պայքարին ոչ մասնակցություն ենք ունեցել և ոչ էլ ցանկություն: Առհասարակ, այսքան ժամանակ մեր կողմում ինչ-որ նման դեպքեր չեն կատարվել, և մենք այսօր պետք է կարողանանք տարանջատել տուժող կողմին այդ արարքը
գործածի կողմից: Մենք այս դեպքում տուժող կողմ ենք: Եվ երկու կողմերին հավասարաչափ դիրքերից նայելն ու քննադատելը ճիշտ չէ: Ես չեմ հասկանում, թե ընդհանրապես որն է իմ մեղքը, որ շահարկվում է իմ անունը:

-Չե՞ք փորձել հասկանալ, թե ինչու է այդպես:
-Իհարկե փորձել եմ, լավ հասկանում եմ, պատկերացնում եմ, կա կոնկրետ պատվիրատու, կան կոնկրետ գումարներ, որոնցով պարգևատրվում են որոշ լրատվամիջոցներ՝ կոնկրետ Մարտուն Գրիգորյանի հետ ամեն ինչ կապելու համար:
-Բայց անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ
Գյումրիում երկու կլան է գործում՝ հորդորելով խաղաղվել, հակառակ դեպքում ինքը կբարկանա:
-Լսել եմ հայտարարությունը, բայց չեմ հավանում: Նախ առիթ ունեցել եմ այդ մարդու հետ խոսելու... Իմ թիմը բազմաշերտ է, այնտեղ կան մանկավարժներ, բժիշկներ, արվեստագետներ, և ես չեմ ընդունում, որ այդ թիմը կլան է: Իմ թիմը 6 տարվա քաղաքական փորձ ունեցող թիմ է:

-Հիմա Դուք պատգամավո՞ր եք, թե՞գողական:
-Ուրեմն այդ հարցը տվել է ոստիկանապետը: Դա ինձ չի վերաբերվել, և ես չեմ եղել զանգահարողը, ու դա հերքեց նաև ոստիկանության լրատվության պատասխանատուն: Ես անձամբ ծանոթ չեմ ոստիկանապետին և նրա տեղակալին, ուստի չէի կարող հեռախոսազանգ ունենալ և երբեք թույլ չեմ տվել որևէ հարցով զանգել և խնդրել:
-Բայց իմ հարցին չպատասխանեցիք:
-Հաստատ գողական չեմ: Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, եվրոպական
ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և գյումրեցիների գնահատմամբ՝ ակտիվ աշխատող պատգամավորներից մեկն եմ:

-Հեռուստատեսությամբ ցույց տվեցին, թե ինչպես են Ձեր մեքենայից զենքեր հանում, և Դուք շատ նյարդայնացած էիք:
-Իմ մեքենայից զենքեր չեն հանվել: Ինչ անոնս, որ տրվում էր, թե պատգամավորին զինաթափեցին, բացարձակապես նմանատիպ բան չի եղել, պատգամավորին չեն զինաթափել: Ես իմ մեքենայի բեռնախցում ունեմ մեկ օրինական որսորդական հրացան և մեկ ատրճանակի փամփուշտներ, որոնք օրենքի սահմանում են պահված: Այդ թյուրիմացությունը գալիս է ոստիկաններից, որոնք սկզբում չկարողացան տարբերակել մարտական փամփուշտները որսորդականից, և նրանց թվաց, որ այդ փամփուշտները մարտական են: Երբ այնտեղ եղավ խոսակցություն, ես ասացի, որ այն գնել եմ որսորդական խանութից: Ու եթե գտնում են, որ դրանք մարտական փամփուշտներ են, ապա ես կասեմ, թե որ խանութից եմ գնել, թող գնան և այնտեղից պարզեն, թե ինչու են վաճառում այդ փամփուշտները: Հետո իրենք պարզեցին, որ օրինական է, ներողություն խնդրեցին՝ սխալվելու համար ու բարի ճանապարհ մաղթեցին: Ու նույնիսկ ես իրենց ասացի, որ եթե ուզում եք պատգամավորին ստուգել, բացարձակ խնդիր չկա, բայց առանց շոուի, ու ինչպես տեսանք, չստացված շոու եղավ:
-Ամեն դեպքում, Ձեր մեքենայում զենք կար: Ինչո՞ւ եք զենք պահում, ումի՞ց եք վախենում:
-Ոչ մեկից չեմ վախենում, վախենալու բան չունեմ: Իսկ ինչ վերաբերում է զենք
պահելուն, որևէ խնդիր չկա, քանի որ այն օրինական է:

-Դուք 34-րդ ընտրատարածքի ԲՀԿ պատասխանատուն էիք, Ձեզ հետ տեղի ունեցածը կապո՞ւմ եք ԲՀԿ-ի դիրքերի թուլացման հետ:
-Բացարձակապես կուսակցության հետ կապ չունի: Հանրապետական-«Բարգավաճ»՝ այս ամենի հետ բացարձակապես կապ չունի և, առհասարակ, ոչ էլ դիրքերի ամրապնդման կամ թուլացման հետ:
-Տեղի ունեցածի մասին զրուցե՞լ եք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ի՞նչ եք պատմել նրան և ի՞նչ օգնություն եք ակնկալում:
-Ճիշտն ասած, ներկա դրությամբ օգնության կարիք չունեմ, եթե լինի, կդիմեմ մեր ԲՀԿ առաջնորդին: Գագիկ Ծառուկյանի հետ չեմ հանդիպել, քանի որ այս ընթացքում զբաղված ենք եղել հուղարկավորության հարցերով, և հետո, Երևանում ընտրություններ էին, հանդիպել չի ստացվել:

-Բայց Գ. Ծառուկյանն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է Ձեզ հետ տեղի ունեցածին, թե՞ չի հետաքրքրվել:
-Դեպքի օրը ես Գյումրու ճանապարհին էի, Գ. Ծառուկյանը զանգահարեց, հետաքրքրվեց, օգնության առաջարկ արեց: Այդքան բան:
-Պարոն Գրիգորյան, Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն գնում է ընդդիմադիր դաշտ: Դուք պատրա՞ստ եք վերանայել Ձեր անդամակցությունը ԲՀԿ-ին:
-Հիմա քաղաքական կտրվածքով ոչ մի հարցի չեմ ցանկանա պատասխանել: Կներեք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին