▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր ձայնը գողացել են». Սալոմե Զուրաբիշվիլի. Ի՞նչ է կատարվում Թբիլիսիում

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին ու հանդես եկել հայտարարությամբ. «Նրանք գողացան ձեր ձայնը և փորձեցին գողանալ ձեր ապագան: Բայց ոչ ոք դրա իրավունքը չունի, և դուք ոչ մեկին թույլ չեք տա դա անել։ Ահա այն դրոշը, որով Վրաստանն առաջին անգամ հռչակեց ազատություն և անկախություն արդի դարաշրջանում, և սա այն դրոշն է, որը դրա շարունակությունն է, և երկու դրոշների առջև կարող եմ երդվել, որ ձեզ հետ եմ լինելու եվրոպական այս ճանապարհի ամբողջ ընթացքում»,- նշել է Վրաստանի նախագահը։

***

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընդդիմությունը բազմահազարանոց ցույց է անցկացնում: Նրանք պահանջում են չեղարկել խորհրդարանական ընտրությունները և նոր ընտրություններ նշանակել: Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը հավաքել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

***

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։
Հաղորդվում է, որ Օրբանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Նախատեսվում են նաև ընդլայնված կազմով հանդիպումներ։ Հունգարիայի պատվիրակության կազմում են նաև երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նագին, ֆինանսների նախարար Միհալի Վարգան, պետքարտուղար Յանոշ Նագին և այլ պաշտոնյաներ։ Հունգարիայի վարչապետի այցը կտևի երկու օր։ Օրբանն առաջին եվրոպացի առաջնորդն է, ով շնորհավորել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ընդդիմության կողմնակիցները սուլել են Հունգարիայի վարչապետին։ Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցում, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայում, որտեղ միաժամանակ տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հանրահավաք։ Օրբանը դուրս է եկել հյուրանոցից և շարժվել դեպի իր մեքենան, երբ նրա հասցեին սուլոցներ ու անպարկեշտ խոսքեր են հնչել։ Ավելի ուշ Հունգարիայի վարչապետի ավտոշարասյունը անվտանգության ուղեկցությամբ լքել է տարածքը։

Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, կառավարության աշխատակազմի շենքում տեղի կունենա Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հաջորդիվ Վրաստանի և Հունգարիայի վարչապետները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Օրբանը Թբիլիսիում «չի ներկայացնում Եվրոմիությունը»։

Դիտեք նաև՝

***

Թբիլիսիում կայացած հանրահավաքի ավարտին հնչեցին ԵՄ-ի և Վրաստանի օրհներգերը։

Ծրագրերի մասին ընդդիմադիրներն ավելի ուշ հայտարարություն կտարածեն։ Հիշեցնենք` Վրաստանում ընդդիմությունը պահանջում է անցկացնել նոր քվեարկություն` ներգրավելով միջազգային կազմակերպություններին։

***

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը Վրաստանին սպառնում է «հետագա հետևանքներով»:

«Մենք մշտապես կոչ ենք արել վրացական կառավարությանը` դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողությունները և վերադառնալ եվրոատլանտյան ուղի։ Մենք չենք բացառում հետագա հետևանքները, եթե վրացական կառավարության քաղաքական ուղղությունը չփոխվի», - ասել է նա՝ մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքները և երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին