Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորն են խոսում այն մասին, որ մեզանում մշակույթն այնպիսի հետընթաց է ապրել, որ շրիշակի մակարդակից էլ ցածր է արդեն. այդ թեմային բազմիցս անդրադարձել եմ, գրել եմ, թե ինչ ողբալի վիճակում ենք գիտության, գրականության, արվեստի և այլ ոլորտներում:
Հիմա ուզում եմ կոնկրետ ժամանակակից հայկական կինոյի մասին մի երկու բան գրել:
Ուրեմն հարգելի հայազգի կինոռեժիսորներ ու սցենարիստներ, նախ երբ սցենար եք գրում ու նկարահանում այն, աշխատեք, որ այդ ֆիլմում ներկայացվող պատմությունը իրականության հետ գոնե մի քիչ համընկնի (եթե իհարկե այդ ֆիլմը ռեալիստական եք համարում), որ հերոսները իրական լինեն, մեր կյանքից վերցված միջինացված կերպարներ լինեն, եթե հումորի պրիզմայով եք ուզում դա ներկայացնել, ապա արեք դա առանց վուլգար գռեհկաբանությունների, չափի զգացողությունը չկորցնելով ու գրագետ, վերջ տվեք ավանդույթ դարձած մեյմունություններին, մենք հիմա երևի աշխարհում բացարձակ չեմպիոն ենք պրոֆեսիոնալ մեյմունների քանակով, դա արդեն ոչ միայն ծիծաղելի չէ, դա արդեն զզվելի է: Իսկ ոչ հումորային ֆիլմերի ու սերյալների մեջ նախ կտրուկ իջեցրեք ագրեսիայի դոզան ու մի ֆետիշացրեք ստախոսությունը՝ ներկայացնելով այն որպես հնարամտության դրսևորում, ինչպես նաև հայ ժողովրդին մի վերագրեք ինչ որ վայրենի ավանդույթներ, որոնք մի գուցե ձեր ընտանիքներում ու ընդհանրապես ձեր միջավայրում եղել է, սակայն հայ ժողովրդի հետ ոչ մի առնչություն չունի, դրանք մշակութային մուտացիաներ են, իսկ դրանց կրողները՝ մարդկային մուտանտներ:
Հետո մի բաժանեք մարդկանց դրական ու բացասական կերպարների, դա հատուկ էր քաջ ասպետներին նվիրված միջնադարյան պրիմիտիվ վիպերգություններին, դուք խավար միջնադարում եք մնացել, բայց դրսում 21-րդ դարն է:
Ու ամենակարևորը հայրենասիրական թեմաներով ֆիլմեր մի նկարեք, ուղղակի խնդրում եմ ձեզ, ձեր այդ ֆիլմերով դուք բառիս բուն իմաստով բռնաբարում եք հայրենասիրություն կոչվող երևույթը, ուղղակի ծաղրուծանակի եք ենթարկում այն, կարճ ասած՝ մի կպեք ձեր կեղտոտ ձեռքերով դրան, չի կարելի:
Ու մի բան էլ, երբ ինչ-որ երկրում ժամանակակից թեմաներով սցենարներ գրողներ չեն լինում, ռեժիսորները սովորաբար իրենց հայացքը նետում են անցյալին՝ դասականներին, բայց ձեզ դա էլ խորհուրդ չեմ տա, քանի որ այդպիսի փորձեր արել եք ու մեր չտեսնված դասական ստեղծագործությունները լրիվ ապականել եք:
Կարճ ասած, լավ կանեք ընդհանրապես չնկարեք, ուրիշ գործով զբաղվեք, թող հնդկական սերիալներ նայեն մարդիկ, միայն թե ձեր նկարած սերիալները չնայեն, թող Հոլիվուդի ու Բոլիվուդի ցածրաճաշակ ֆիլմերը նայեն, միայն թե ձեր նկարած ֆիլմերը չնայեն, ինչո՞ւ, որովհետև դրանք ահավոր վտանգ են պարունակում իրենց մեջ, սկսած ուղեղի լիակատար բթացումից մինչև լյարդի ցիռոզ, սրտի կաթվածից մինչև տասներկումատնյա աղիքի քաղցկեղի կարող են հասցնել, հավատացեք ինձ»:
|