«Դուք հեռու կանգնեք և մի խանգարեք ձեր գործընկերներին»,- ճեպազրույցի ժամանակ, դիմելով լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը․ «Դուք միշտ ինձ խանգարում եք։ Ես առաջնորդվում եմ հոգևորականի էն առաջարկով, որ ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»,- շարունակեց Քոչարյանը։ «Էս ի՞նչ բուլինգ է, իսկ միգուցե հոգևորականին ցիտելիս կոնտեքստն էլ ցիտեք»,- պատասխանեց լրագրողը՝ պահանջելով իրենից ներողություն խնդրել․ «Ձեր պահվածքը ոչ տղամարդկային է, ոչ մարդկային և ոչ պաշտոնյայի, ձեր պահվածքը անթույլատրելի է»։ «Ներողություն չեմ խնդրի»,- պատասխանեց Քոչարյանը։ |
Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ մի հույս չունեմ, որ ՔՊ-ական պատգամավորները դատապարտելու են Անդրանիկ Քոչարյանի էսօրվա լպիրշ պահվածքը կին լրագրողի հետ շփման ընթացքում։ Չունեմ, որովհետև նրանք այդ պատգամավորի (և ուրիշների) նույնքան լպիրշ պահվածքին չեն անդրադարձել նախկինում էլ։ *** |
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խիստ դատապարտելի է Ազգային Ժողովում Անդրանիկ Քոչարյանի վիրավորական պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։ Նա վիրավորեց Հռիփսիմե Ջեբեջյանին ոչ միայն որպես լրագրողի, այլև որպես կնոջ։ Ինչպե՞ս եք խոսում լրագրողի հետ․ այս հարցին պաշտոնյան պատասխանեց․ «լրագրողի չէ, տիկին Ջեբեջյանին»։ Եթե լրագրող չէ Ջեբեջյանը, ապա ի՞նչ գործ ունի ԱԺ-ում։ Եթե լրագրող չէ, ի՞նչ իրավունքով եք վիրավորական տոնով խոսում տիկին Ջեբեջյանի հետ՝ այն էլ տեախցիկների առջև։ Անդրանիկ Քոչարյանը պետք է բացատրություններ տա և ներողություն խնդրի լրագրողից նման պահվածքի համար։ Ինձ շատ զարմացրեց նաև լրագրող գործընկերների անտարբերությունը իրենց գործընկերոջ նկատմամբ, որևէ կերպ չարձագանքեցին, չընդվզեցին չսատարեցին Հռիփսիմեին։ Շարունակեցին հարցեր տալ, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Այդ ի՞նչ պատասխան էիք ակնկալում հենց նոր ձեր գործընկերոջը վիրավորած պաշտոնյայից, որն ավելի թանկ էր, քան ձեր շարքից հեռացված ու հուզված ձեր գործընկերը»։ |
***
Հայաստանի ժուռնալիստների միությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության յուրաքանչյուր սրմանը զուգահեռ՝ Հայաստանում ավելանում են լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, ընդ որում՝ վերջիններիս կողմից իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:
Ցավալի է, որ վերջին ժամանակներում լրագրողների և լրատվամիջոցների թիրախավորման դեպքեր տեսնում ենք թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներից, թե՛ նրանց նրանց հարող շրջանակներից:
Որևէ կողմ չի կարող քննարկման առարկա դարձնել լրագրողի՝ հարց տալու իրավունքը:
Սակայն այն ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը՝ ինչպես արգահատելի արարքի կատարման, այնպես էլ՝ դրա հետևանքների չգիտակցման տեսանկյունից:
Ողբերգություն է տեսնել, որ սեփական երկրի լրագրողների հետ շփվել չցանկացող ՀՀ արտաքին գործերի նախարարն իր պաշտոնին ու դիրքին անհամարժեք կերպով է շփվում ընդամենն իրեն հարց տված լրագրողի՝ 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի և մյուս լրագրողների հետ:
Առավել տգեղ է հետևել, թե ինչպես է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության (ՔՊ) տարիքն առած պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում իր երեխայի տարիքի կին լրագրողի՝ Yerevan Tribune-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ու միայն այն պատճառով, որ վերջինիս տված հարցերը նրան դուր չեն գալիս:
Անիմաստ է, իհարկե, իշխանություններին հերթական անգամ կոչ անել զսպել այս կամ այն պաշտոնյային, որովհետև յուրաքանչյուր նման դրսևորումից հետո նրանք ավելի լկտի, ցինիկ ու սանձարձակ են դառնում, բայց լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը կոնկրետ քրեական հոդվածի անվանում ունի: Սա՝ ի գիտություն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք որևէ դեպքում չտրվել սադրանքների, գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողներին թիրախավորելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, կոչ անում հատկապես իշխանության ներկայացուցիչներին՝ գալ կառուցողական դաշտ ու, ի վերջո, ըմբռնել՝ հարցերին պատասխանելն իրենց պաշտոնից բխող պարտադիր գործողություն է:
Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու, պատգամավորական էթիկան խախտելու, լրագրողին վիրավորելու ու վերջինիս աշխատանքը խոչընդոտելու համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»