▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»․ Արարատ Միրզոյան

«Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»,-ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը։
«Պատմության ողբերգական անցքերը, հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»,-ասաց նա։

***

«Ընդհանարապես, և՛ COP29-ի համատեքստում, և՛ դրանից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք Ադրբեջանի ու մեր այլ գործընկերների հետ խոսակցություններում գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, նաև այլ հումանիտար հարցերին: Գիտեք՝ անհետ կորածների հարց կա, բռնի անհետացումների հարց կա և այլն: Սա մեր մշտական քննարկման և թիվ 1 առաջնահերթություններից մեկն է»,- այս մասին ԱԺ-ում 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե հնարավոր չէ՞ Հայաստանի մասնակցությունը COP29-ին պայմանավորել Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակմամբ:

«Մեր մասնակցությունը COP29-ին որևէ կերպ հաստատված չէ: Հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել և, իհարկե, չենք էլ բացառում: Բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը Ձեր ասածի համատեքստում»,- նշեց Միրզոյանը:

***

Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ թափանցիկ են, մենք ամուր տնտեսական կապերով ենք կապված: Այս մասին ԱԺ-ում 2025թ. բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծություններ, միշտ չէ, որ մենք կիսում ենք միմյանց դիտարկումները: Դա վերաբերվում է առանձին 1-2 հարթակի, որտեղ մենք միասին անդամակցում ենք, օրինակ, ՀԱՊԿ-ը, մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների և ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն... Բայց կան մի շարք ուղղություններ, որտեղ մենք շարունակում ենք համագործակցությունը, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում»,- ընդգծեց Միրզոյանը:

***

«Հայաստանը Թուրքիայի հետ ունի դինամիկ ու դրական երկխոսություն»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Երկխոսությունը, նախևառաջ, այն մասին է, որ երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմաններն, ունենան տրանսպորտային ու այլ հաղորդակցություններ։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Մեր գնահատմամբ՝ դա այդքան էլ կառուցողական մոտեցում չէ»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ․ «Պայմանավորվել ենք սկզբում մասնակի սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար և այլն։ Կան նաև ավելի փոքրամասշտաբ համատեղ որոշակի նախագծեր, օրինակ՝ Անիի մշակութային ժառանգության հետ կապված, Անիի կամրջի հետ կապված և այլն, ուզում եմ ասել՝ այստեղ ևս կա դինամիկ երկխոսություն»,- նշեց նա՝ նշելով, որ մոտ ապագայում առաջընթաց կլինի հայ-թուրքական հարաբերություններում։

***

ԱԳՆ ջանքերն ուղղված են ՀՀ շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը։ «Սա առաջին հերթին նշանակում է մեր տարածաշրջանում մեր հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորում և զարգացում։ Բնականաբար, առաջին հերթին խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ 2024 թվականին այստեղ եղել է շատ շոշափելի արդյունք, առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման կոնկրետ դեպքով»,- Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը հիշեցրեց, որ վավերացվել է սահմանազատման կանոնակարգը։

Նախարարի խոսքով՝ առաջիկայում կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ։

«Դրանից հետո հուսամ, որ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն։ Որքան արագ ու արդյունավետ, այնքան լավ»,- ասաց նա։

«Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման:

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը պայման կամ նախապայման է առաջարկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն և որպես հզոր ապացույց ունենք արդեն ՍԴ որոշումը, որն արձանագրեց՝ Ալմա-Աթայի սահմանազատումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը... Սա գալիս է փարատելու բոլոր հնարավոր մտահոգությունները»,- նշեց Միրզոյանը:

Նախարարը հավելեց, որ մյուս ուղղությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է և, որ այս առումով ևս քայլեր են արվել:

«Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են: Այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա: Մեր սկզբունքներն այս առումով այն են, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համապատասխան, որոնց տարածքով անցնում են:

Սա արտացոլված է մեր կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ ծրագրում: Բազմաթիվ երկրներ և միջազգային գործընկերներ ողջունել են խաղաղության խաչմերուկը»,- ընդգծեց նախարարը:

***

«Փորձը ցույց է տալիս, որ բյուջեի կամ Կառավարության ծրագրերի հաշվետվությունների ժամանակ երբ ես ծավալուն ելույթներ եմ ունենում, իմ կողմից նշվող բովանդակության 99 տոկոսը չի հետաքրքում պատգամավորներին, և հարցերը շատ կոնկրետ մի ուղղությամբ են, ըստ էության»,- այս մասին ԱԺ-ում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ նշեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Եվ ես ձեզ և մեզ բոլորիս կձերբազատեմ մանրամասների քննարկումից: Իհարկե բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, տեղեկատվությունը հասանելի է, հրապարակային է և մեր հաշվետվություններում էլ կլինեն»,- հավելեց նախարարը:

***

Ազգային ժողովում շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:

«Արտաքին գործերի նախարարության բյուջեն ավելացել է 378 միլիոն դրամով և 2025թ. բյուջեի նախագծով կկազմի 17 միլիարդ 441 միլիոն դրամ, որը 2024թ. բյուջեից ավել կլինի 2,2 տոկոսով»,- այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Ընթացիկ ծախսերի գծով կունենանք 2,3 տոկոսով աճ՝ այսինքն՝ 394 միլիոն դրամով և կապիտալ ծախսերի գծով կունենանք նվազում 15 միլիոն դրամով»,- նշեց նախարարը:

Հովհաննիսյանը հավելեց, որ այս գումարների մեջ ներառված չէ այն գումարը, որը տրամադրվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք գնելու համար, դրա համար 2024թ. պահուստային ֆոնդից հավելյալ հատկացումներ են եղել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին