Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփել է պաշտոնավարման 100 օրը՝ նախ ներկայացնելով ՀՀ տնտեսական ցուցանիշները, ըստ որի 2018 թվականի առաջին վեց ամսվա կտրվածքով վերջին ութ տարիներին ամենաբարձ տնտեսական աճն է արձանագրվել, և այն կազմել է 8,3 տոկոս:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է աճ արձանագրած բոլոր ոլորտները և նշել է, որ արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսը արտահանվում է, ինչը ցույց է տալիս արտահանման քաղաքականության միտվածությունը:

Ըստ նրա՝այս տոկոսը շատ մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերության առումով չունենայինք անկում, որը կազմում է 20 միլիարդ դրամ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման մասով դեռևս փոքր ցուցանիշ կա: Ներդրումների ցուցանիշներին անդրադառնալով՝ նա նախ կոչ է արել լինել նրբանկատ այս հարցում: «Ես կուզենայի, որ բոլորս հիմք ընդունեինք ԱՎԾ կոմիտեի ցուցանիշները, որոնք համախառն կուտակմանն են վերաբերում, և սա այն ցուցանիշն է, որ առավել մոտ է ներդրում ասվածին»,-ասել է Արծվիկ Մինասյանն ու նշել է, որ արդար չէ, երբ խորությամբ չեն դիտարկում հարցը և քննադատում են:
Արծվիկ Մինասյանը պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է ներկայիս կառավարությանը տնտեսական քաղաքականություն չունենալու մեջ՝ նախ ասել է, որ չի ցանկանում քաղաքական բնույթի հարցերին պատասխանել, ապա նշել է, որ տնտեսական քաղաքականություն կառավարությունն ունի, և հստակ ուղղվածություններ առաջիկայում կտեսնենք:
«Չի կարող առհասարակ չլինել տնտեսական քաղաքականություն»,-ասել է նա: Իսկ տնտեսությունում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ նա ասել է. «Գալ նշանակում է իրականացնել քաղաքական գործունեություն և մասնակցել ընտրություններին: Ես Սահմանադրության կարևոր պաշտպաններից համարում եմ, որ ցանկացած անձ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, քանի օրենքով սահմանված կարգով սահմանափակված չէ»,-նշել է նա:


