Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և ևս երկու ուսուցիչ բերման են ենթարկվել կրթահամալիրի ու հարակից տարածքից։ Նրանց բերման էին ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Նշենք, որ նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է սաների տեղաշարժը։ Ոստիկանները դա համարեցին արգելված հավաք:![]()
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և թիվ 93 մանկապարտեզի վեճը՝ կապված անվտանգության նկատառումներով մանկապարտեզի տարածքը ցանկապատելու հետ, նորություն չէ: Բլեյանը դեմ է, որ այդ տարածքը ցանկապատվի, քանի որ ցանկապատը խանգարում է ուսումնական գործընթացի ժամանակ իրենց ազատ տեղաշարժին, փակվում է կրթահամալիրի դպրոցներն իրար կապող ճանապարհը:
«Ինչ կազմակերպված հավաքի մասին է խոսքը, որ մենք մեկ օր առաջ գիտեինք,. Որ այդտեղ լինելու են այդ աշխատանքնե՞րը: Իհարկե այդպես չի: Երեւանի փոխքաղաքապետը, եթե հավատանք իր զգացմունքներին, զարմացել էր: Վարչական շրջանի ղեկավարի համար զարմանքն արդեն կենսաձեւ է: Ամենազարմանալին այն է, որ նրանք Երեւանն են ղեկավարում: Դա անթույլատրելի է:
Ես պահանջում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը վայր դնի լիազորությունները, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գնա իր նախկին աշխատանքին, եթե դա հնարավոր է: Եվ վերջապես «Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Չի կարող Երեւանն այդպիսի քաղաքապետ ունենալ: Կներեք, բայց դա արդեն վիրավորական է երեւանցու համար:
Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց քաղաքապետի փոփոխությունով: Դա հաշտության ճանապարհն է»,-ասաց Բլեյանը՝ հավելելով, որ ինքը հեշտ հետ չի կանգնում իր գաղափարից:


