▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծուղակ. էկո տնակներ վաճառող «Էկո Պրոյեկտ» ընկերությունը քաղաքացիներին չի վերադարձնում գումարը

«Հետք»-ը գրում է․ «Երեւանի Արին Բերդ թաղամասում էկո տնակներ կառուցելու խոստում տված «Էկո Պրոյեկտ» ընկերությունը տասնյակ քաղաքացիների հասցրել է դատարան: Միլիոնավոր դրամների կանխավճարներ վերցրած ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները եւ հրաժարվում է վերադարձնել գումարները: 

«Հետքի» հրապարակումից հետո խմբագրություն է դիմել ևս մեկ քաղաքացի, որի գումարը «Էկո Պրոյեկտ» ՍՊԸ-ն չի վերադարձնում։

Մենուա Հարությունյանը 2024 թվականի օգոստոսի 19-ին պայմանագիր է կնքել «Էկո պրոյեկտ» ՍՊԸ-ի հետ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ թաղամասում շարժական էկո տնակ ձեռք բերելու համար։ Ընկերության սեփականատերը Իրինա Բիջոյանն է: 

Մենուա Հարությունյանը տնակի գումարը վճարել է մաս-մաս՝ ամսական 200 հազարից մինչև 1մլն 100 հազար դրամ։ Ընդհանուր՝ յոթ ամիսների ընթացքում փոխանցել է 3.417.000 դրամ։ Ըստ կնքված պայմանագրի՝ ընկերությունը պարտավոր էր տնակի կառուցման աշխատանքները սկսել առաջին վճարումից երեք ամիս անց և ավարտել 390 օրում։ Սակայն չի կատարել իր պարտավորությունը, տնակի կառուցումը չի սկսել պայմանագրով սահմանված ժամկետում։ Քանի որ Մենուա Հարությունյանը պետք է հեռանար Հայաստանից, որոշել է լուծարել պայմանագիրը։ 2025 թվականի հունիսի 11-ին դիմում է ներկայացրել պայմանագիրը լուծարելու համար:  2025 թվականի հուլիսի 10-ին ընկերության տնօրեն Իրինա Բիջոյանը պարտավորագիր է ստորագրել 60 աշխատանքային օրվա ընթացքում մոտ 3 մլն դրամ վերադարձնելու մասին, սակայն մինչ օրս գումարը չի վերադարձվել։ 

Ավելին՝ պարտավորագրի մեջ նշված է, որ փոխանցված 3.417.000 դրամից պետք է պահում կատարվի 12%-ի չափով։ Երբ Մենուա Հարությունյանը հետաքրքրվել է՝ ինչու են այդ պահումը կատարում, նշել են, թե դա իրենց ներքին կանոնադրությամբ է սահմանված, սակայն պայմանագիրը կնքելիս այդ մասին հիշատակում չի եղել։  Պայմանագրում միայն նշված է՝ եթե գնորդը խախտի պայմանագրի կետերը, օրինակ, աղմկի 23:00-ից հետո, չպահի բարիդրացիական հարաբերություններ այլ բնակիչների հետ, ընկերությունը կարող է միակողմանի լուծարել պայմանագիրը 3 անգամ գրավոր զգուշացնելուց հետո, ապա ետ գնել տնակը գնորդից և պահել 12%-ը, իսկ մնացած գումարը փոխանցել 20-30 օրվա ընթացքում։ 

2025 թվականի սեպտեմբերի 24-ին Մենուա Հարությունյանը դիմել է դատարան՝ պայմանագիրը լուծարելու և գումարի բռնագանձման պահանջով։ Նույն թվականի հոկտեմբերի 17-ին միջնորդություն է ներկայացվել դատարան հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, որը բավարարվել է, և արգելք է դրվել «Էկո պրոյեկտ» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա, սակայն հետո պարզվել է, որ ընկերությունը որևէ գույք չունի։ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին դատարանը վճռել է, որ ընկերությունը պարտավոր է Մենուա Հարությունյանին վերադարձնել ամբողջ գումարը։ 

Մենուա Հարությունյանը «Էկո պրոյեկտ»-ից միակ տուժածը չէ, ՍՊԸ-ի դեմ ներկայում 15 դատական գործ կա, հիմնականում՝ պայմանագիրը լուծարելու և գումարի բռնագանձման պահանջով։

«Հետքը» դեռևս առաջին հրապարակումից առաջ զանգահարել էր ընկերության սոցիալական էջում նշված հեռախոսահամարով։ Ի պատասխան՝ հայտնել էին, որ տնօրինությունը կապ կհաստատի մեզ հետ: Սակայն այդպես էլ զանգ չստացանք։

Նույն վայրում՝ Արին Բերդում էկո տնակներ է վաճառում նաեւ նորաստեղծ «Էկո լայվս» ՍՊԸ-ն։ Սեփականատերը Արթուր Մելքոնյանն է։ Փորձեցինք կապ հաստատել տնօրենի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրությանը չարձագանքեցին։ Կրկին զանգահարեցինք իրենց սոցիալակն էջում նշված հեռախոսահամարով։ Վաճառքի մենեջերը՝ Զեփյուռ Թորոսյանը, նշեց, որ «Էկո լայվս» ընկերությունը որևէ կապ չունի «Էկո պրոյեկտի» հետ, առանձին գործող ՍՊԸ է։ 

Ֆեյսբուք սոցիալական հարթակում 5 էջ կա (ուսանողի էկո տունը Երևանումէկո նորակառույցներ էկո բնակարաններԱրին Բերդ բնակելի թաղամասԱրին Բերդ բնակելի էկո կոմպլեքսԱրին Բերդ վարձով բնակելի թաղամաս), որոնցով գովազդվում են էկո տնակները։ «Էկո պրոյեկտ» ընկերությունն այժմ մրցույթ է կազմակերպել բլոգերների համար։ Հաղթողը կշահի էկո տնակ Արին Բերդում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին