Ռուբեն Վարդանյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այսուհետ հանդես է գալու որպես հասարակական գործիչ:
Այս մասին Ռուբեն Վարդանյանն ասել է այսօր տարածված տեսաուղերձում, որը ձայնագրվել է Փարպի գյուղում գտնվող իր տան այգում: Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու որոշումը կայացրել է 2020 թվականի պատերազմից հետո:
«Ես որոշել եմ, որ տեր եմ Հայաստանին և հայկական աշխարհին: Գիտակցում եմ, որ դառնալով հասարակական գործիչ, մեծ բեռ և պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա, բայց ուրիշ ճանապարհ չեմ տեսնում: Մենք միասին պետք է կառուցենք ապագա հայկականը»,– ասել է Ռուբեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի վերջին Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները հիմնել են «Ապագա հայկականը» նախաձեռնությունը: