Մեդիա ոլորտի ներկայացուցիչները առցանց լրատվամիջոցներից տոտալիզատորների գովազդները հանելուն դեմ են: Վստահեցնում են՝ մեդիան լուրջ ֆինանսական վնասներ կկրի:
Aravot.am-ն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանն, անդրադառնալով «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, ասել է․ «Նման փոփոխությունները չեն արվում այսպես միանգամից եւ այսպես փնթի ձեւով: Չկա հաշվարկ, չկա որեւէ միջազգային փորձի կիրառում կամ դրան ակնարկ: Ուղղակի փնթի կերպով վերցրել են ու ասում են, որ տոտալիզատորների գովազդների մեծ մասը պետք է դուրս գան առցանց մեդիաներից: Իմ կարծիքով, դա մանր վրեժխնդրության նման մի բան է»:
Հիշեցնենք՝ նոր նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություն անել, այն է՝ լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:
Նախագիծը հարուցել է մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների զայրույթը, որոնք վստահեցնում են՝ լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ: Նրանց համոզմամբ, այսինքն՝ կառավարությունը ոչ թե կանոնակարգում է ոլորտը, այլ հերթական անգամ վնասում լրատվամիջոցներին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում