a1plus.am-ը գրում է.Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր արդեն երկրորդ անգամ դեռ չսկսված հետաձգվեց նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը չէր ներկայացվել դատարան:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը ընթերցեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից դատարան ուղարկված գրությունը, ըստ որի Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ եւ մասնակցել դատական նիստին:
Դատարան էր ներկայացվել ՔԿՀ բժշկի գրությունը, ըստ որի առողջական վիճակը բավարար է, եւ պատգարակով մասնակցելու անհրաժեշտություն չեն տեսնում: Մինչդեռ Վահան Շիրխանյանն էլ դատարանին տեղեկացրել էր, որ առողջական վիճակով պայմանավորված միայն պատգարակով եւ պառկած վիճակում կարող է մասնակցել դատական նիստերին:
Պաշտպան Հայկ Ալումյանն էլ դատարանին տեղեկացրեց, որ նույն բժիշկը իր պաշտպանյալին նշանակել է անկողնային ռեժիմ եւ տրված տեղեկատվությունը կեղծ է:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ ավելացրեց, որ դատական նիստերը արհեստականորեն հետաձգվում են եւ խախտվում է մյուս ամբաստանյալների արդար դատաքննության իրավունքը: «Կարող էին Շտապ օգնություն հրավիրել եւ պատգարակով բերել»:
Քանի որ առանց Վահան Շիրխանյանի նիստը չէր կարող շարունակվել, դատավոր Արմեն Բեկթաշյանը այն հետաձգեց մինչեւ հունվարի 20-ը:
Զինված խմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանը մինչ դահլիճից հեռանալը, հայտարարեց. «Այս դատարանը բառիս բուն իմաստով շոու է, շոու բիզնես են սարքել: Ինչքան ուզեն փորձեն մեզ ոչնչացնել՝ չի՛ ստացվելու»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում