Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին 55 մլն դրամ գրավի դիմաց արձակելու որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։
Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Գրավ է կիրառվել, որին դատախազությունը համաձայն չէ, տարել է վերաքննիչ բողոք՝ Առաջին ատյանի դատարանի՝ գրավ կիրառելու որոշումը բեկանելու, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, սակայն բողոքի քննություն դեռևս չի եղել»,-նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Կարապետյանի և նրա ընկերոջ հետ: Նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Ռոբերտ Սուքիասյանը նախ՝ գլխով, ապա՝ բռունցքով հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակով 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ: Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել: