Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դեռ քանի՞ անգամ եք դեպքի hանգամանքների մասին տեղեկատվությունը խմբագրելու
Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակի մուտքի դիմաց: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի` Հանրայինի եթերում հնչեցրած վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով հերքվել է։ Նա իր ցուցմունքում նշել է, որ ինքը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, բանավոր հաղորդված տեղեկություններն էլ, որ զինվորները ննջասենյակում են հայտնաբերվել, այլ կերպ է ընկալել։
Պատկերացնո՞մ եք՝ փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը դեպքի վայրում չի եղել, իրեն ասվածը սխալ է ընկալել և այդ սխալ ընկալածը հայտարարել է բոլորին։ Գժանո՞ց է։ Ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, Արսեն Սարոյանին լինել դեպքի վայրում և տեղում իմանալ, թե իրականում ինչ է եղել, եթե իրենց նպատակը ճշմարտությունը բացահայտելը և այն հրապարակելն է»: