Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքը՝ դերասաններին պարադրելով թատրոն մտնել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքից՝ հատուկ անցագրերով։ Դերասանները հարկադրված պարապուրդի են ենթարկված, դեմ են իրենց թատրոնի մուտքը փակելուն։ Այս առիթով «Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է իրականցնում՝ փորձելով Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունից պարզաբանումներ ստանալ։
***
Այսօր «Գոյ» թատրոնի դերասանական կազմը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով բացել թատրոնի դուռը, որը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ վերակազմակերպումից հետո տնօրինությունը փակել է՝ «Գոյ»-ի դերասաններին պարադրելով թատրոն մտնել սահմանված անցագրերով՝ Սունդուկյանի անվան թատրոնի մուտքից։ Սունդուկյանի տնօրեն Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով։ Կա պետռեգիստրի համապատասխան փաստաթուղթ, կադաստրի վկայական, վերակազմակերպումից հետո այս ամբողջի պատասխանատվությունը կրում եմ ես: «Գոյ»-ի տարածքը պատկանում է Սունդուկյան թատրոնին, և այն վերադարձվել է, տեղադրվել են կամերաներ ու դուռը փակվել է, սա պետական կառույց է, որտեղ բոլորն ունեն նույն իրավունքները և՛ «Գոյ»-ի, և՛ Սունդուկյանի աշխատակցիները, բոլորը թատրոն են մտնում անցաթղթով, իրենք էլ պետք է անցնեն անցաթղթով»,- ասել է Վարդան Մկրտչյանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ «Գոյ» թատրոնը չի փակվել, այլ վերակազմակերպվել է, և Սունդուկյանի կազմում ստեղծագործելու համար դերասանները ոչ մի խնդիր չունեն։ |