▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Աննա Հարությունյանը պատմում է իր և տրամադրություն բարձրացնող մեթոդի մասին

ASEKOSE.am-ի բլից հարցերին պատասխանում է դերասանուհի Աննա Հարությունյանը

- Աննա,  ո՞վ  է  Ձեզ  համար  դերասանուհին:

-Վերին աստիճանի զգացմունքային, տպավորվող, անվերջ կերպարներ  երևակայող, համարձակ  փորձարկումներ կատարող, իր գործի համար հոգի տվող, աշխատասեր, նպատակային անձ:

-Երկար  ժամանակ  հեռուստասերիալներում  հանդես գալուց հետո  դադար  առաք:  Ինչո՞վ   էր  դա  պայմանավորված:

-Ստեֆան   Ցվայգն  ասել  է . «Ժամանակավոր աքսորը ուժեղին հնարավորություն է տալիս վերագնահատել իր ուժերը»: Բացի դա, վերջին շրջանի իմ հարցազրույցներում բազմիցս  նշել  եմ,  որ  տարված  եմ  ինձ  համար  շատ  հետաքրքիր  նոր  աշխատանքով,   որն է իմ` նիհարեցման սրահը:

- Ձեզ  համար  ո՞րն  է  ավելի  հոգեհարազատկինո՞ն, սերիալը, թե՞ թատրոնը:

-Թատրոնի հանդեպ  մեծ  սերս  գալիս   է   մեծ  ճանաչողությունից: Ավարտելով   Արմեն  Մազմանյանի արվեստանոցը` շուրջ 6 տարի  է`  խաղում  եմ  նրա  իսկ թատրոնում: Եվ  այս  ամբողջ  շրջանում  չեմ  հիշում  մի  օր, երբ  թատրոնից հեռացած  լինեմ: Թատրոնն ինձ հոգեհարազատ է,  որովհետև ես սովորել եմ նրան,  իսկ սովորությունները  մարդուն  ավանդապաշտ   են  դարձնում: Այնտեղ   ես   ինձ   հարմարավետ  եմ  զգում,  ինչպես  տանը,  տիրապետում   եմ  նրա տեխնիկական  և կախարդական  հնարքներին:  Թատրոնում  գիտեմ,  որ   իմ անխոնջ աշխատասիրությամբ ուր կհասնի կերպարս: Եվ  վերջիվերջո  թատրոնը` մասնավորապես  ներկայացումը, մի  անվերջանալի   ճանապարհորդություն  է,  իսկ  ես շատ  եմ  սիրում  ճանապարհորդել:  Ինչ  վերաբերում  է  ֆիլմին,  ցավոք դեռևս  չեմ առնչվել  այն  վերին  գաղափարին,  ինչն  է`  հենց  ինքը  ֆիլմը,  և միայն  դա  է  լռությանս պատճառը: Իսկ սերիալներին վատ չեմ վերաբերում: Միշտ էլ ասել եմ, որ խելացի դերասանը շատ բան կարող է սովորել սերիալից:

-Կա՞ն  կոնկրետ  կերպարներ,  որոնց  մասին  երազում  եք:

-Իհարկե կան:  Մի մասը դասական դրամատուրգիայից, մյուսը` իմ  իսկ  կողմից հորինված:

- Ձեր սերիալային  կերպարները  հիմնականում  կամակոր  են:  Ինչպիսի՞ն  է  Աննա Հարությունյանը  կյանքում:

-Ճի'շտ հակառակը:

-Սիրահարվելուց  հետո    շա՞տ  բան  փոխվեց  Ձեր  կյանքում:

-Ա'յո,  փոխվեց:  Փոխվեց   վերաբերմունքս` մարդականց, իրերի, իրավիճակների հանդեպ:  Անչափ  երջանիկ  եմ,  որ   սերն   ինձ   այցելեց:  Ով  չի  սիրում,  նա  չի  ապրում:

-Դուք  երջանի՞կ  մարդ  եք:

-Անսահմա՜ն…

 -Ի՞նչ  է  հարկավոր  հայ  կնոջը  երջանիկ  լինելու  համար:

-Երջանիկ  լինելու  համար  ոչինչ հարկավոր չէ: Եթե  դու  քո  ունեցածով  երջանիկ  չես, ապա երջանիկ չես լինի` նույնիսկ  ավելին  ունենալու դեպքում:

-Ո՞րն  է  եղել  Ձեր  ամենամեծ  խենթությունը:

-Այս հարցին չեմ սիրում պատասխանել….

-Ի՞նչը  կարող  է  Ձեզ  վհատեցնել:

-Քանի  դեռ  երիտասարդ  եմ,  ոչինչ  չի  կարող   ինձ  վհատեցնել:  Առայժմ  այսպես  կարող եմ պատասխանել:

- Ձեր   բնավորության  մեջ  ի՞նչը  կցանկանայիք  փոխել

-Երբեմն   չափազանց   վատատես   եմ   դառնում:  Իհարկե դա տևում է մի քանի ակնթարթ: Եվ  բացի  դա,  տրամադրությունը բարձրացնող  իմ մեթոդն  ունեմ: Եթե  որևէ մեկին կհետաքրքրի` գրեք կպատմեմ:

 -Ո՞րն  է  Ձեր  թուլությունը:

-Հարազատներս:

-Ձեր  մասին  լսած  ասեկոսեներից  ո՞րն  է   Ձեզ  զայրացրել  և  ո՞րը  զվարճացրել:

-Ինքս ընթերցասեր եմ:  Նման դեպքերում վերցնում եմ գիրքս և խորասուզվում`  կտրվելով  զայրացնող  կամ  զվարճացնող  ամեն  ինչից:

Հարցազրույցը`  Երվանդ  Մարեյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին