Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Մշակույթի ցանկացած ճյուղ պետք է միտված լինի հասարակությանը կրթելուն, հասարակական գիտակցության աստիճանը բարձրացնելուն և ազգային ոգով դաստիարակությանը։ Այդպես պետք է լինե՛ր․․․ բայց․․․
Ցավոք, այլ է մեր իրականության մեջ։ Մանավանդ գրականությունը և կինոն, շատ դեպքերում կրթելու փոխարեն ավերում են հասարակական գիտակցություն կոչված շատ նուրբ ու խոցելի ջիղը․․․
Հանրային հարթակում քննարկումների, բանավեճերի ժամանակ բազմիցս եմ ականատեսը դարձել, որ մարդիկ մեջբերումներ են կատարում ոչ թե սկզբնաղբյուրներից, այլ իրենց կարդացած գրքերից կամ դիտած ֆիլմերից։ Եվ մասսաների մեջ ձևավորված կեղծ ու խեղված արժեհամակարգի մեջ բնականաբար մեծ մեղավորներ են այդ հեղինակները, ռեժիսորները․․․
Դերենիկ Դեմիրճյան․ «Վարդանանք»։ Այս գրքով սերունդներ են կրթվել։ Տասնյակ հազարավորներ պատկերացում չունենալով անգամ Եղիշեի մատյանի մասին (որպես սկզբնաղբյուր), պատրաստ են պապայի արևով երդվել, թե Վարդան Մամիկոնյանը սուրբ է, Վասակ Սյունին՝ դավաճան․․․
Մովսես Արազի․ «Իսրայել Օրի»․․․
Շարքը կարող եմ շարունակել։ Բայց եկեք ֆիլմերից խոսենք։
Կինոն, որպես 20-րդ դարի արվեստ, հսկայական ավերածություններ է գործել և շարունակում է գործել։ Մանավանդ՝ սխալ կինոն։ Իսկ դրա պակասը՝ չունենք։
«Դավիթ Բեկ», «Հուսո աստղ»․․․ Ֆիլմեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն, փառաբանում են ռուսին, նվաստացնում մեզ։ Ուր դավաճան տերտերին անգամ սրբագործում է ռեժիսորը․․․ մի խոսքով՝ բնույթով անբարո ֆիլմեր են․․․
Սովետի ժամանակ նկարահանած «Զանգեզուր» ֆիլմից պարզ է, ակնկալիք ունենալ չէինք կարող։ Բայց այ․․․ նորանկախ շրջանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը․․․ ուր ռեժիսորը ոչ միայն հաջողությամբ․․․ ծաղրում է Նժդեհին, այլ անթաքույց քծնանք կա ռուսների նկատմամբ, և․․․ տգիտություն, տգիտություն․․․ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմը․․․ Իրականության հետ կապ չունեցող խեղկատակություն, որն ուղղակի պղծում է ազգային արժեքները։
Շարքը կարող եմ շարունակել, բայց իմաստ չունի․․․
Մեկ անհաջող, վատ ֆիլմի կատարած ավերածությունները սերունդներն իրենց վրա երկար կզգան։ Մանավանդ, երբ այսօր Դիանա Գրիգորյանի սերիալներով իրենց աշխարհընկալումը ձևավորող դասատուները (չշփոթել ուսուցչի հետ․ ուսուցիչը վեհ կոչում է) շարունակում են ու շարունակելու են սերունդներ պղծել․․․»: