▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին դաժան ծեծել են»

***

***

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
Շուտով հնարավորություն կունենամ զրուցելու Սամվելի հետ, որից հետո կներկայացնենք մանրամասները»:

Տեղի ունեցածին ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

***

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին․ «Երիտասարդը անցել է բոլոր սահմանները և օրենքի առաջ պետք է պատասխան տա։ Ես գնում էի, որպեսզի վճարեմ և իջնեմ, նա իմ ճանապարհը փակում է, սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որ ասելու չի։ Ասում եմ՝ ճանապարհ տուր, իջնեմ, չի թողնում, հրել եմ նրան և անցել»,- մանրամասնելով դեպքը՝ ասել է պատգամավորը։ Հարցին՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը որակվեց էմոցիոնալ պոռթկում, իսկ Սամվել Վարդանյանի դեպքում՝ ոչ, պատգամավորը պատասխանել է. «Դա էմոցիոնալ պոռթկում չէր, այլ կանխամտածված մոտեցում։ Իր փաստաբաններն ասում են դեմոկրատական երկրում ենք ապրում, այո՛, թող խոսեր, բայց չնկարեր, որը համարվում է իմ անձնական տարածք մտնել»,- ասել է Ասլանյանը՝ նշելով, որ իր կողմից հարվածներ չեն եղել և նա չէր դիմի իրավապահ մարմիններին, եթե տեսանյութը համացանցում չհայտնվեր։ «Իսկ հաճա՞խ են նման դեպքեր տեղի ունենում ձեզ հետ» հարցին՝ Հակոբ Ասլանյանը պատասխանել է՝ քիչ, վերջին երեք տարվա ընթացքում երեք անգամ։

* * *

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է․

«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին:

Նա գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում: 72 ժամվա ընթացքում պետք է նրան կամ ազատ արձակեն, կամ կալանավորեն, ինչի հիմքերը չկան:

Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից:

Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել մենակ՝ մեքենայի մեջ:

Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:

2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հևում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր:

Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի: Դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց:

Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաև ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը:

Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի:

Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համաշխարհային կառույցներին արդեն ուղարկել եմ գրություններ այս առիթով: Քաղաքացուն ուղեկցող ոստիկանները և զինված բանդան պե՛տք է պատժվեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին