▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք աշխարհի լույսն եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է.Սպիվակովը՝ հայերին

«Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է»,- սա հին ավանդապատումից իմաստուն առաջնորդի խոսքն է, որը մեջբերել է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովն՝ անցած տարի Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգի ժամանակ: Այս տարի նա կրկին կլինի հայ ժողովրդի կողքին և «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի հետ ապրիլի 28-ին եւ 29-ին համերգային տարբեր ծրագրերով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն Մոցարտի Երրորդ դիվերտիսմենտը, Բոկերինիի ռե մինոր Սիմֆոնիան, Հայդնի Դաշնամուրի թիվ 11 կոնցերտը, ինչպես նաեւ՝ Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները:

Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան: Իսկ ապրիլի 29-ին երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրել Մոցարտի Առաջին դիվերտիսմենտը, Չայկովսկու լարայինների համար Սերենադը, Ռոսսինիի Երրորդ սոնատը եւ Աստոր Պիացոլլայի ՙՏարվա եղանակներ Բուենոս Այրեսում՚ ստեղծագործությունը, հանրահայտ տանգոներ: Համերգային ծրագրում որպես մենակատարներ հանդես կգան ակորդեոնահար Նիկիտա Վլասովը եւ ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լեւ Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին: Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին Ուֆա քաղաքում:

Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ: Վլադիմիր Սպիվակովը 1955 թվականին հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորյային կից դպրոցում, 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորյային կից կենտրոնական երաժշտական դպրոցը եւ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Յու. Յանկելեւիչի դասարանում: Որպես դիրիժոր հանդես է գալիս 1965 թվականից: 1979 թվականին մի խումբ երաժիշտների հետ ստեղծել է «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը եւ դարձել վերջինիս անփոփոխ գեղարվեստական ղեկավարը, դիրիժորն ու մենակատարը: Նվագախմբի համերգներրը մշտապես մեծ հաջողությամբ են ընթանում աշխարհի ցանկացած կետում՝ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Հարավային Ամերիկայում, Իսրայելում, Ճապոնիայում եւ այլուր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին