▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, հարազատների, կանանց, ծնողների, ձեր շեմի և օջախի պաշտպանության դիրքերում. Փաշինյան

Ես շատ կուզեի այսօր ձեր առջև ելույթ ունենալով ասել, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է, և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի, բայց դա ճշմարտություն չէր լինի, որովհետև հայրենիքն այսօր ունի ձեր և մեզանից յուրաքանչյուրի ծառայության կարիքը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ ունեցած ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի մոռանա իր նախորդ քաղաքացիական կարգավիճակը, և ամբողջ ազգով պիտի զինվորագրվենք հայրենիքի պաշտպանության գործին։

Բայց ես ուզում եմ, որ լավ իմանաք, թե ինչով եք զբաղված լինելու՝ ձեր տներից, երեխաներից, հարազատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով։

Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, հարազատների, կանանց, ծնողների, ձեր շեմի և օջախի պաշտպանության դիրքերում։ Այնտեղ, որտեղ գնալու եք, հնարավոր է՝ ոչ մի ծանոթ ծառ ու թուփ չտեսնեք։ Բայց իրականում դուք կանգնած եք լինելու ձեր սեփական ննջարանների, ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր երեխաների դպրոցների առաջ, որպեսզի կարիք չլինի ձեր ննջարանները պաշտպանել ձեր մուտքերի, ձեր շքամուտքերի դիմաց, ձեր բակերում։

2016թ. գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած։ 2016–ին, երբ որոշում եմ կայացրել որպես կամավոր մեկնել հայրենիքը պաշտպանելու, դա տեղի է ունեցել պահի ակնթարթի տակ, երբ առավոտյան արթանացել ու տեսել եմ իմ մեկ տարին չբոլորած դստերը քնած, ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու, և եթե պետք լինի, պիտի զոհվեմ հանուն հայրենիքի, որ իմ երեխան, հարևանիս, եղբորս երեխան հաղթեն ու ապրեն։

Ուզում եմ հստակ արձանագրենք, խոսենք աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Շատ են հարց տալիս՝ արդյոք աշխարհում մենք ունենք բարեկամներ։ Այո, մենք ունենք բարեկամներ։ Բայց նրանք մեր փոխարեն չեն որոշելու։ Բայց նրանք կպաշտպանեն մեր ընտրությունը. եթե մենք որոշենք պարտվել, նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը, եթե որոշենք հաղթել, կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը։ Ես գիտեմ, որ մենք որպես հազարամյա ժողովուրդ ունենք կամք այդ դժվար որոշումը կայացելու, այդ որոշումը հաղթելու որոշումն է։ Խնդրում եմ, պահանջում եմ, որ այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտում պահած։

Եվ մենք կհաղթենք։

Հայ ժողովուրդը Երկիր մոլորակի վրա պիտի գոյություն ունենա հավիտյան»,– ասել է Փաշինյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին