Freenews-ը չի պատկանում ոչ ինձ, ոչ իմ կնոջը, դրա մասին տեղեկությունը բաց է և ցանկության դեպքում բոլորին հասանելի:
Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.
«Իսկ Հայաստանի Հանրապետությունում վաղուց արտոնյալներ չկան, և հենց այն փաստը, որ նախարարությունը մի շարք լրատվամիջոցների շարքում գործընթաց է իրականացրել նշված մեդիայի նկատմամբ՝ դրա վառ ապացույցն է: Բայց դե հասկանալի է, որ ավելի գրավիչ է Ալեն Սիմոնյանի անունից «կախվել», որ նախ՝ շատ մարդ կարդա, երկրորդը՝ իշխանությանը ներկայացնել՝ որպես հին բարքեր կրողի:
Սպասենք այլ նմանատիպ վերնագրերի և շահարկումների:
Օրինակ՝ «Հացի խանութը որտեղի՞ց. Ալեն Սիմոնյանը հաց է գնել, չի մուծում հարկերը», կամ «Ալեն Սիմոնյանի՝ Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել, կփակվի՞ արդյոք Լարսի անցակետը»:
Լավ եք, էլի.. Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»,- գրել է նա:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության՝ Freenews-ի նկատմամբ ու մանրամասնել․ «Այս տեղեկությունների հետեւից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե էլ որ հեռուստաընկերություններն են ենթարկվել պատժամիջոցների, եւ որոնք ունեն չվճարված պարտքեր։
ԲՏԱ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ հունվարի 1-ի դրությամբ հանրային մուլտիպլեկսում հեռարձակվող հեռուստատեսություններից 3-ը կուտակել են ժամկետանց դեբիտորական պարտք. «Ա-Թիվի» ՍՊԸ-ն կուտակել է 32 մլն ՀՀ դրամ պարտք, «Ֆրինյուզ» ՍՊԸ-ն՝ 23,3 մլն ՀՀ դրամ, «Ֆորտունա» ՍՊԸ-ն՝ 5,4 մլն ՀՀ դրամ։
Հարկ ենք համարում նշել, որ 2024 թվականի հունվարի 18-ի դրությամբ «Ա-Թիվի» ընկերությունը 32 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 13,3 մլն ՀՀ դրամ գումարը։ Ընկերությունը պարտքի մյուս մասը կմարի դատարանի սահմանած ժամանակացույցով։ «Ֆրինյուզ» ընկերությունը 23,3 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 1,5 մլն ՀՀ դրամ, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։ «Ֆորտունա» ընկերությունն ամբողջությամբ մարել է պարտքը»: