Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը հաղորդագրություն է տարածել և պահանջել «Ժողովուրդ» օրաթերթից հերքում տպագրել այն լուրին, ըստ որի ինքը ծեծի է ենթարկել աշակերտներից մեկի ծնողին:
«Ծանոթացա ձեր թերթում զետեղված «Ծեծկռտուք` դպրոցի տնօրենի գլխավորությա՞մբ» հոդվածին: Վրդովված չեմ, սակայն սկզբունքային եմ: Պահանջում եմ տպել հերքում առաջինից մինչև վերջին տողը, հակառակ դեպքում մենք միմյանց կհանդիպենք դատարանում: Դատարանում ես կհանդիպեմ նաև այդ ձեր ասած «ծեծված» կնոջը` զրպարտության համար, թեպետև տհաճ են ինձ հանդիպումները «ստրիպտիզի աշխատավորուհիների» հետ: Հուսով եմ, դուք ըմբռնումով կմոտենաք իմ օրինական պահանջին: Այս տեքստն ուղարկում են բոլոր լրատվամիջոցներին, որոնց վստահեցնում եմ, որ ես, Գայանե Սարուխանյանս, ընդհանրապես «կռիվ» չեմ անում, աշխատում եմ հեռու մնալ բոլոր տեսակի անբարո տարրերից, որոնցից, ավաղ, զուրկ չէ մեր հասարակությունը»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում տպագրված հոդվածում նշվում է, որ այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին` Նատալյա Սարգսյանին:Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: