Դվինի Արտակը որդու ճոխ հարսանիքը փորձում է «համեստի» տակ ներկայացնել․ մամուլում տեղեկություն է տարածվել, թե «Դվին»-ի սեփականատեր Արտակ Թովմասյանի որդու հարսանիքն է կայացել ու իբր՝ «Թովմասյանների ընտանիքը տարբերվել է աչքի չընկնող մոտեցմամբ և նախապատվությունը տվել է պարզությանը»:
Սակայն ինստագրամյան էջերում տարածված տեսանյութերը հակառակն են ապացուցում։ Ակրոբատներ, հարսի բեմականացված պար, Վալերի Մելաձե, Արկադի Դումիկյան, այլ երգիչներ ու շքեղ շոու, որ պարզություն չես համարի։
Պարզությունն, օրինակ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքն էր, որ օրերս է տեղի ունեցել և , ըստ մամուլում հայտնված տեղեկության՝ մոտ 30 հոգանոց էր և անաղմուկ՝ Արցախի վիճակով եւ այլ հանգամանքներով պայմանավորված։
Ուշագրավ է, որ Դվինի Արտակն էլ փորձում է ներկայացնել, որ ՀՀ-ում ստեղծված պատերազմական իրավիճակից ելնելով որդու հարսանիքը երեք անգամ հետաձգել է ու «իրազեկում» է, որ այսօրվա ավանդական միջոցառումներից առաջ որդին ու հարսը այցելել են «Եռաբլուր» պանթեոն։ Սակայն երբ կայքերից մեկում կարդում ես «հարսանիքի նախապատվությունն իբրև համեստությանը տալու» հատվածն ու դիտում ես ինստագրամյան տեսանյութերը՝ հասկանում ես, որ հակառակն է՝ ճոխություն, շքեղություն, շվայտություն՝ մանավանդ այսօր էլ նույն պատերազմական վտանգը կա ու շրջափակված Արցախում սով է։
Կարելի էր, ամեն դեպքում, գոնե ճոխության կեսի չափ ազնիվ լինել․․․
Դվինի Արտակի որդու հարսանիքի ճոխությունից, ի դեպ,միայն շքեղ հրավառությունն էր բացակայում, քանի որ «Դվինից» արձակված ու ռմբակոծություն հիշեցնող վերջին հրավառությունից հետո եղել են վարչական ձերբակալություններ ու տուգանքներ։