▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Կոստանդյանի «Հուլիս» էսսեն՝ 2016-ի հուլիսի մասին

Էդգար Կոստանդյան

ՀՈՒԼԻՍ
Էսսե

... Ու էլի նույնն է կատարվում... Լսվող կրակոցները լուրեր վարող աղջկա ձայնի պես սովորական են: Մեկը մեռնող հորն է սգում, մյուսը` չստացված արձակուրդը: Ես ու դու էլ բարձր խոսում ենք` մեր խլանալու ու մնացածի չլսելու չափ բարձր:
«Էրեխես հիվանդ ա»,- իր գինն է արդարացնում երիտասարդ համազգեստավորն ու ծեծում բոլոր առողջ երեխաներին: Էդ առողջներն էլ պատմության դասագրքերից են հիվանդանալու, ոնց որ մի օր մենք հիվանդացանք խնամք ու ջանք չխնայած ստերից, թե բա` «հինգ հազար տարեկան ենք»: Ու մնացած ամեն բան մոռացանք: Հա, հինգհազարամյա զառամյալներին բնորոշ է հիշողության կորուստը: Զավակիդ աչքերին նայել չկարողանալն ատամ լվանալու պես բան է դարձել, գաղափարին դավաճանելը` օրինաչափություն, հոգին` սեռական օրգան...
Կամուրջին կանգնող քածի մի ժամը բոլոր առողջ երեխաների ապագայից թանկ արժե, իմ ու քո երազանքներից թանկ... 
Ե՞րբ էսքան մատչելի դարձանք, բոլորս միասին` մի մաշված տասհազարանոց: Ու ե՞րբ էդքան լկտիացանք, որ բռունցքներս վերև ենք պարզել... Էս պայքարը թունավոր հղիություն է, միակ ելքը` արհեստավիժում, ամենասովորական աբորտ... Պատերազմը կրվածի հաշիվ է, եթե խրամատ չունես: Խրամատ փորելու համար արդեն չափից շատ ես ուշացել... Թշնամին քթիդ տակ է, տանդ մեջ, անկողնումդ... Թշնամիդ քո լեզվով է խոսում... Վաղվա առավոտն էլ երազածդ հայրենիքի չափ հեռու է...
Օրացույցն օգոստոսանում է, իսկ փողոցի ասֆալտը նոր-նոր հուլիսն է կիսում: Էս քաղաքում միշտ հուլիս է լինելու... տաք, քրտնած հուլիս... Բայց ես ու դու սովորել ենք կյանքը հեգնել... կփրկվենք... ես, դու, մերոնք, բոլորս... կփրկվենք ու նոր քաղաք կունենանք, նոր հայրենիք, ու գրողի ծոցն էդ հինգ հազար տարին... Մեր քաղաքի եղանակը հուլիս չի ունենա... Հունիսին օգոստոսը կփոխի... երբևէ եղած ամենաքամոտ ու թաց օգոստոսը... Մեր հաղթած օգոստոսին նոր հայրենիքի մաքուր, անեղծ արգանդից լույս աշխարհ կգան հուլիսներին չծնված բոլոր մանուկները... Ու կյանքում առաջին անգամ սեփական հողը ոտքի տակ զգացողի պես, առանց վախի ու ամոթի կնայենք նրանց աչքերին... Ու խաղաղ լռություն կիջնի... անձրևի ձայնով լռություն... Ու անձրևն այլևս սրբելու ոչինչ չի ունենա, քանզի մաքուր կլինի ամեն բան, ամեն-ամեն բան...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին