Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ խոսեցինք Եգիպտոսում մեր դեսպանատան հետ։ Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119 հոգի այսօր կվերադառնան Հայաստան կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի, ըստ անհրաժեշտության, զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հյուպատոսը փոխանցել է, որ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։ Հունական ավիափոխադրողը պատրաստ է գումարը ստանալու դեպքում իրականացնել չվերթը։ Նշենք նաև, որ այսօր Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:
Կարդացեք նաև՝ Կառավարությունը կվճարի ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար


