Եկել էին հորս ձերբակալելու. Ռուբեն Հակոբյանի դստեր տեսանյութը
Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել են, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Դիտեք նաև՝
|
Երևանի ավագանու նախկին անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով հոր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալմանը, ասել է․ «Հայրս հիմա գտնվում է ՔԿ պետության և սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների վարչությունում։ Նոր գործ են կրկին հորինել և կարել, հորս քաղաքական հայտարարությունները, հարցազրույցները հիմք են դարձել նոր քրեական գործի։ Սուտ կլինի, եթե ասեմ՝ զարմացած եմ, մենք բոլորս գիտեինք, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, անկախ նրանից՝ ապօրինաբար, թե օրենքով, նա գալու է այն մարդկանց հետևից, ովքեր իր դեմ են խոսում։ Ցավոք սրտի, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, այս ամենը լինելու է նորմալ, կրկին մի քանի տարի գնալու ենք դատարանների դիմացը կանգնենք, տեսնենք՝ ինչպես են արդար մարդկանց դատում։ Իմ հայրը ոչ հանցագործ է, ոչ կոռուպցիոներ է, նա 70 տարեկան է, ունի անցած ուղի, նա քաղաքական գործիչ է, և միակ պատճառը, որ այսօր նա հետապնդվում է դա այն է, որ իմ հայրը որևէ իշխանության հետ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, երբեք որևէ գործարքի չի գնացել։ Հայրս ընդդիմադիր է եղել և իր կարծիքը հայտնել է նաև այն ժամանակ, երբ Նիկոլը ևս ընդդիմադիր էր։ Ինքը ոչ մեկին չի ծառայում, չունի ղեկավարներ, սրտացավ է իր պետության համար և երբեմն ձևակերպումները կարող են լինել կոշտ, քանի որ բարդ է լուռ նայել, թե ինչպես են քանդում այն պետությունը, որը դու և ընկերներդ կառուցել եք»։ *** ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռ․Հ-ն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ: Ռ․Հ-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (3 դրվագ)։ ԱԺ նախկին պատգամավոր Ռ.Հ-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: |


