ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Իմ խոսքը «Սեւան ստարտաթ սամմիթ 2019»-ի մասնակիցների հետ հանդիպմանը:
Ելույթ եմ ունենում «Մելանտե» հայկական ընկերության շապիկով, «Իգիթյան» ընկերության ջինսե տաբատով, «ՍԱԼԻ» հայկական ընկերության գոտիով, AWI հայկական ընկերության ժամացույցով եւ «Դուխով» գլխարկով:)»
Թավշյա հեղափոխությունն իր էությամբ ստարթափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, որը ներկայացրին հանրությանը և կարողացան համոզել այդ գաղափարի կարևորության ու հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը ցանկացավ իր ներդրումը ունենալ։ Այս մասին այսօր «Սեւան ստարտափ սամմիթ 2019»-ի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ գաղափարը յուրաքանյուր քաղաքացի պետք է կարողանա տեղայնացնել իր և իր շրջապատի վրա։
«Այսօր Հայաստանում բազմաթիվ մարդիկ անընդհատ բողոքում են, որ չկա փող, և մեր կառավարութունը մարդկանց փորձում է ամեն օր համոզել, որ կարևորը ոչ թե փողն է, այլ գաղափարը։ Եթե նա կարողանա համոզել մարդկանց, որ այդ գաղափարը կարող է հաղթել, փող կգտնվի»,– ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա է տնտեսական հեղափոխության կառավարության տեսլականը, որպեսզի բոլորը հնարավորութուն ունեն կյանքի կոչելու իրենց գաղափարները։
«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ինքը տաղանդ է, և առաջինը ինքը հավատա իր ուժերին՝ բոլորին ստիպելով հավատալ իր ուժերին։ Սա է նոր Հայաստանի ստարտափ գաղափարը։ Նոր Հայաստանն ինքը, ըստ էության, ստարտափ է, որն այնպիսի թափ է հավաքել, որը կանգնեցնել չի լինի»,– ասաց վարչապետը։