▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմիրությունների պետնախարարն Արմեն Սարգսյանին զեկուցել է առաջընթացի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և նրա գլխավորած պատվիրակությունը:

Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ողջունել է միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը և վստահություն հայտնել, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել վերջերս ԱՄԷ կատարած իր այցի ընթացքում, իրականություն կդառնան: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ծրագրերի իրագործմանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղն ասել է, որ Հայաստանի նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում ԱՄԷ ղեկավարների հետ կայացած հանդիպումներն ուղենիշ են դարձել, որպեսզի այսօր ինքը Հայաստանում քննարկումներ անցկացնի տարբեր ոլորտների շուրջ:

Նա տեղեկացրել է, որ արդեն տեղի են ունեցել հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումները, որոնց ընթացքում որոշակի համաձայնության են հասել մի շարք կարևոր հարցերում:

Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն ասել է, որ ակնկալում են ավելի սերտ համագործակցություն ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ կան էմիրաթական գործարարության հաջողված օրինակներ՝ ԱՄԷ պետնախարարը կարևորել է ինչպես դրանց հետագա ծավալումը, այնպես էլ հայաստանցի գործարարների ներկայությունը էմիրաթական շուկայում:

 

 

Հանդիպումից հետո հարցազրույցում պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղն ասել է.

«Ես մեծ պատիվ ունեի ուղեկցելու նախագահ Արմեն Սարգսյանին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ: Կարող եմ վստահորեն ասել, որ մեր առաջնորդների հետ նրա հանդիպումներն արդյունավետ էին, դրանք ուղենիշ դարձան մեզ համար, որպեսզի այսօր քննարկումներ իրականացնենք տարբեր ոլորտների վերաբերյալ: Որպես ձեր նախագահի այցի արդյունք պետք է հատկապես նշեմ, որ այդ քննարկումները վերաբերում են կրթությանն ու բարձր տեխնոլոգիաներին: Ինչպես գիտեք, Հայաստանը հայտնի է լավագույն տաղանդներով, լավագույն համալսարաններով: Նախագահը մշտապես հետաքրքրված է այս ոլորտներն առաջ մղելու հարցում: Ակնկալում ենք համագործակցել այս ոլորտներում: Հանդիպումները, որոնք նախագահն ունեցել է եռօրյա այցի ընթացքում և որոնք ներառել են մեր բոլոր առաջնորդներին, շատ հաջողված էին:

Ես շատ ուրախ եմ այցելելու ձեր հրաշալի երկիր՝ Հայաստան: Հայաստանը Միացյալ Արաբական Էմիրությունների կարևոր բարեկամն է, և մենք շատ ուրախ ենք, որ ունենք սերտ հարաբերություններ: Մենք Հայաստանի հետ ավելի քան քսան տարվա դիվանագիտական հարաբերություններ ունենք, և այդ հարաբերություններն ավելի ու ավելի վստահելի են դառնում:

Ինչպեք գիտեք, այստեղ եմ՝ նախագահելու երկու երկրների միջև առաջին միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովն այս առավոտ հաջող հանդիպումներ անցկացրեց: Կեսօրին մենք եկանք՝ զեկուցելու նախագահին այն առաջընթացի մասին, որը գրանցել ենք: Հանդիպման ընթացքում խոսեցինք առաջընթացից, որն ունենք, բոլոր այն հարցերից, որոնք համատեղ հանձնաժողովն ավելի վաղ քննարկել էր: Հուսով ենք՝ օգտագործել հանձնաժողովի հանդիպման ընթացքում գրանցված առաջընթացը երկու երկրների միջև հետագա տնտեսական, կրթական ու այլ ոլորտներում համագործակցության համար: Իհարկե, մենք հետաքրքրված ենք այս հարաբերություններն ավելի ամուր դարձնելու գործում: Անհամբերությամբ սպասում եմ մեր միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստին, որը տեղի կունենա Աբու Դաբիում՝ հուսանք, որ ոչ շատ հեռու ապագայում»:

 

Պատվիրակությանն այսօր ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին