▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են. Ոսկեպարի ղեկավարը՝ Տավուշից տարածք զիջելու մասին

Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիրը վտանգված է։

Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ը:

Ըստ աղբյուրի՝ Տավուշի բնակիչները մտահոգված են, որ նոր սահմանազատումը շուտով կհասնի նաև Տավուշին, և որոշ տարածքներ, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքներ, կանցնեն ադրբեջանական հսկողության տակ։

Քննարկվում է նաև 2 զորամասերի տեղափոխման հավանականության հարցը։ Ոլորտին իրազեկ անձինք կայքի հետ զրույցում նշել են, որ զորամասերի տեղափոխման քննարկումը եղել է տարեվերջին, սակայն Սյունիքի շուրջ մեծ աղմուկի պատճառով որոշ ժամանակով հարցը առկախվել է։

Ադրբեջանական հսկողության տակ կարող են անցնել Բաղանիսի որոշ հատվածներ։ Զրուցակիցներից մեկը՝ սահմանապահներից, հայտնել է, որ Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհի՝ ոլորանների րոշ հատված, ինչպես Սյունիքում, հանձնվելու է Ադրբեջանին։

Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվության, տեղի բնակիչների մտահոգությունների կապակցությամբ կայքը զրուցել է նաև Ոսկեպարի համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանի հետ, որը պնդել է, թե դրանք միայն խոսակցություններ են։

«Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել, հուսանք այդպիսի բան չի լինի, նույնիսկ չենք ուզում խոսել դրա մասին»,- ասել է նա։

Կայքի դիտարկմանը, թե սյունեցիները ևս չէին սպասում, որ մարզի քարտեզում երբևէ փոփոխություն կլինի, բայց մի քանի տասնյակ բնակիչ պարտադրված է եղել իր տունը թողնել ադրբեջանցիներին ու հեռանալ, իսկ ճանապարհներին էլ ծածանվում է թշնամու դրոշը, հնարավո՞ր է որ սյունեցիների պես տավուշցիները ևս անակնկալի գան, Մախսուդյանը պատասխանել է.

«Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ոչ մի պաշտոնական տվյալ չկա, ոչ մի բան չի ասվել։ Այս պահին ոչ մի տարածք ոչ մեկին չունենք զիջելու, ապրում ենք մեր գյուղում, մնացած գուշակությունները չեմ կարող անել»։

Ոսկեպար համայնքի ղեկավարը չի հերքել, որ նշված խոսակցությունները բնակիչների շրջանում ամեն օր են ծավալվում։

«Քանի որ մենք ապրում ենք հենց Ոսկեպարում, մեզ ավելի շատ են անհանգստացնում այդ խոսակցությունները, բայց հիմա հստակ ոչ մի բան ասել չեմ կարող, քանի որ պաշտոնական բան չկա»։

Հարցին՝ արդյոք դիմե՞լ է պատկան մարմիններին, տեղեկություն ստանալու համար, Մախսուդյանն ասել է՝ «բնականաբար», բայց ո՞ւմ ու ի՞նչ հարցով՝ չի մանրամասնել։

«Դիմել ենք մարդկանց, ստացել պատասխաններ, որ ոչ մի անհանգստացնող փաստ այս պահի դրությամբ չունենք»,- եզրափակել է Սերոբ Մախսուդյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին