Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել էր Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Ի թիվ այլ հարցերի՝ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական թեմաների, մասնավորապես, ընդդիմության հայտարարություններին: Նա նշել է, որ ընդդիմությունը բազմիցս հրաժարվել է դռնփակ հանդիպումներից և այս համատեքստում նշել է փակ և հրապարակային հանդիպումների առանձնահատկությունները: «Եթե հրապարակային ասում են՝ դավաճան և այլն, եկան դռնբաց հանդիպման, դուրս եկան ու հանկարծ դարակազմիկ մի բան չեղավ ասելու՝ իրենց տրամաբանության տեսանկյունից, հայտնվելու են վատ վիճակում... Իրենք վեր են կենում, ասում են, կամ եթե ուղիղ չեն ասում, հարցերը ձևակերպում են էնպես, որ երևա՝ մենք, ես կոնկրետ, կա՛մ դավաճան եմ, կա՛մ և այլն, և այլն, ես էլ, բնականաբար, քանի որ էդպիսին չեմ, պիտի հակադարձեմ, հիմնավորեմ իմ հակադարձումը»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ ընդդիմության և իշխանության հարաբերություններում «կուլտուրայի խնդիր կա», որն առաջացել է դեռևս 1994 թվականից: