ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց իմ և գործընկերոջս՝ Արտակ Մանուկյանի նախագիծը, որի նպատակը վարկային կազմակերպությունների և այս ոլորտում անառողջ գործընթացի կանոնակարգումն է։
Մենք առաջարկում ենք հետևյալը։
Մինչև 3 ամիս տևողությամբ և մինչև 300.000 դրամ չափով վարկ տրամադրելիս վարկային կազմակերպություններն ու բանկերը պետք է նախ վերլուծեն վարկառուի եկամուտները և վարկը տան այն հաշվարկով, որ բոլոր ունեցած վարկերի գծով մարման գումարը չանցնի վարկառուի եկամուտների 50%֊ը։
Այսպիսով, վարկառուն պաշտպանված կլինի իր եկամուտների հետ անհամարժեք վարկավորումից, որի պատճառով հազարավոր ընտանիքներ հիմա չմարված վարկերի բեռի տակ են։
Ակնհայտ է, որ հիմա այս արագ վարկերը խորացնում են աղքատությունը և սնանկության թակարդի մեջ են պահում ժողովրդին։
Մյուս փոփոխությամբ այսուհետև վարկառուն իր ձեռքով կգրի, թե ինչքան գումար պետք է վճարի վարկի արդյունքում և որքան է իրական տոկոսադրույքը։ Սրա նպատակն այն է, որ վարկային կազմակերպությունները չմոլորեցնեն և չգրավեն մարդկանց այսպես կոչված զրո տոկոսով վարկերով։
Մենք այս նախագծի վրա աշխատում ենք ավելի քան վեց ամիս։ Երկար քննարկել ենք այն Կենտրոնական բանկի, վարկային կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ։Նախագծում ի սկզբանե ներառված էին նաև վարկերի գովազդի արգելքը և առևտրային կետերում վարկերի տրամադրման արգելքը, սակայն ներկա վիճակում մենք չկարողացանք ընդգրկուն քննարկում կազմակերպել։ Կանդրադառնանք այս հարցին, երբ պայմանները թույլ տան»։
Դիտեք նաև՝


