▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկերներս ասում էին՝ Հայկ Մարությանը գաստռալյոր է, պարզվեց, որ նա «լավ ժամանակների» ընկեր է. Փաշինյան

Երեւանի ավագանու ընտրություններում կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն, որ Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն մտցնել, կամ ճգնաժամ մտցնել:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, դա նաեւ երեւում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից եւ նպատակադրումներից»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ ուժերը քաղաքական դաշտը բաժանում են երեք մասի՝ արեւմտամետներ, ռուսամետներ եւ մի հոգի էլ՝ Հայկ Մարությանը, հայտարարում է, որ իշխանությունը շեղվել է հեղափոխության գծից, Փաշինյանն ասաց. «Դա ինձ համար տարօրինակ պնդում եւ հայտարարություն է , որովհետեւ ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից: Նույն Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակի վրա եւ բեմահարթակից հենց նման հայտարարություններ է արել: Բայց ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը իր բեմական կարիերայում առաջին անգամ է, որ քաղաքական ժանրի հումոր է անում եւ դրա բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի օբյեկտների եւ հերոսների հետ: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը հեղափոխական արժեքներից չի շեղվել, այլապես ինչպես նախկինում մեր գործընկերները բեմերից հումոր անելուց նախապես թույլտվութուն կստանային իշխանությունից, օլիգարխներից եւ մյուսներից»:

Փաշինյանը հակադարձեց Մարությանի այն պնդումներին, որ դեռ կոռուպցիա կա, եւ ինքը երկու տարի կաբինետներում զգուշացրել է իշխանություններին դրա մասին, ասաց, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ իր հետ նման խոսակցություն երբեք տեղի չի ունեցել:

«Նա ինձ մոտ է եկել եւ ինձնից է խնդրել աջակցություն Երեւանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու դառնալու համար եւ այդ աջակցությունը ստացել է ինձնից՝ պատրաստակամություն հայտնելով ՔՊ կուսակցության անդամ դառնալու եւ հավաստիացնելու, որ ինքը գալիս է այս թիմը ուժեղացնելու: Բայց մինչեւ օրս ես իրենից որեւէ բացատրություն չեմ  լսել, որ մենք հեղափոխության արժեքներից շեղվել ենք: Դա բացարձակապես չի համապաստխանում իրականությանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ իշխանությունն ում օպոնենտ է համարում, կպցնում է դրսի ուժերի սպասարկու պիտակը, այդ թվում Հայկ Մարությանին, Փաշինյանն ասաց. «Ակն հայտ է, թե ով ինչ օրակարգի մեջ է աշխատում: Որեւէ մեկին պիտակ կպցնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ ես հավատում եմ եւ հավատացած եմ, որ մեր ժողովուրդը եթե ոչ տեղեկատվությամբ, ապա ինտուիտիվ շատ լավ հասկանում է տեղի ունեցող խաղի տրամաբանությունը: Այն, ինչ ես ասում եմ, որեւէ ձեւով պիտակ չէ, որովհետեւ կապերը շատ թափանցիկ են, տեսանելի են եւ չեն էլ թաքցվում»:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի պարագային, վարչապետն ընդգծեց. «Ըստ էության, մենք քաղաքական համընթաց պրոցեսներ ենք  տարել մի ժամանակաշրջանում, երբ հեղափոխություն էր  իրականացրել, կառավարող թիմը ոչ մի պրոբլեմ չուներ, գործնականում այդ ողջ շրջնում Հայկ Մարությանն ամեն ինչ անում էր, որ լինի ավելի մոտիկ, երբեմն ամենանեղ քաղաքական թիմից ավելի մոտիկ, եւ այդ մոտիկությունն արձանագրելու համար կուսակցության անդամ դառնալու դիմում գրել:

Ես լիարժեք վստահությամբ եմ վերաբերվել իր այդ մոտիկ լինելու ցանկությանը՝ ի հեճուկս մեր թիմակիցների, որ ասում էին,որ նա գալիս է որպես գաստրալյոր եւ իրադրության փոփոխության դեպքում նա հին սցենարը մի կողմ է շպրտելու: Պետք է ասեմ, որ զուտ մարդկային  առումով ես հիմա շատ դժվարությամբ եմ նայում իմ շատ գործընկերների աչքերին, որոնք ժամանակին  այդ զգուշացումը անում էին: Ստացվեց, որ այդ քաղաքական ընկերությունը, որ Հայկ Մարությանը ամեն ինչ արեց, որ տեղի ունենա, դա լավ ժամանակների ընկերություն էր:

Մինչդեռ տրամաբանություն այն էր, որ իրական ընկերությունը պետք էր հենց վատ ժամանակների դժվարությունները հաղթահարելու համար: Սակայն պարզվեց, որ հենց առաջին դժվարության ժամանակ Հայակ Մարությանը ինչպիսի հեշտությամբ մտել էր Քաղաքացիական պայմանագիր,  նույնպիսի հեշտությամբ այնտեղի դուրս գալու դիմում գրեց: Սա ինձ համար ոչ այնքան քաղաքական, որքան մարդկային իրավիճակ է եւ իսկապես այս իրավիճակի նկատմամբ կա խորը ափսոսանքի զգացողություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին