«Երբ գալիս էի Հայաստան, ինձ մոտ ունեի Անտուան Ագուջյանի գործերից մեկը, որը ինձ համար շատ կարևոր դեր էր կատարում Հայաստանը ճանաչելու ու բացահայտելու համար»,-ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ խոսելով Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվելիք ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» ցուցահանդեսի մասին, որն ընդգրկում է արտիստի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որը հեղինակը ժառանգել է Ցեղասպանությունից փրկված ծնողներից:
«Այս ցուցադրությունը լուսանկարչի 30 տարվա մեծ աշխատանքի արդյունք է: Մյուս կողմից էլ նա փորձել է ցույց տալ հայի հիշողության հետքերը՝ տանելով մի մեծ աշխարհագրական հետագիծ, որը ցույց է տալիս նկարների միջոցով: Այս լուսանկարները իրենց մեջ արտահայտում են կորուստ, բայց միևնույն ժամանակ ցույց են տալիս հայ հիշողության կենդանի լինելը»,-նշում է դեսպանը:
Ասուլիսին ներկա Անտուան Ագուջյանն էլ նշում է, որ իր լուսանկարչական գործունեությունը այստեղ սկսվել է, երբ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին եկել է Հայաստան:
«Մենք փորձում էինք օգնել տուժածներին, և այստեղ սկսեցի նաև լուսանկարել: Եվ օգտվելով լուսանկարչական սարքի հնարավորություններից, քանի որ դա հնարավորություն էր տալիս մարդկանց աչքերով տեսած իրականությունը արտացոլել, ես մտածեցի, որ կարող եմ հայկական հիշողության հետքերով գնալ: Մինչև 2015 թվականը ոչնչացված հետքեր փնտրելով ամայի, դատարկ վայրերում՝ սև ու սպիտակով ստեղծեցի մի որմնանկար, որը մարմնավորում էր այլևս անդարձ կորած աշխարհի հիշողությունը: 2015 թվականից ի վեր որոշեցի նոր էջ բացել իմ աշխատանքներում՝ անցում կատարելով դեպի գույնը և դրանով իսկ նախաձեռնելով հիշողության և պատմության սիմբիոզ: Ուզում էի նոր մոտեցմամբ՝ գեղագիտական ընդմիջումներով իրականությունը ինտեգրել աշխատանքիս մեջ, որպեսզի ներկան գերադրվի անցյալին»,- ասում է Անտուան Ագուջյանը:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 3-ին, Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):