▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք այսպիսի բան չեմ գրել. Հայկ Պետրոսյանը ՝«Մի խոսքով» 18+ նախագծի, նոր ներկայացման մասին և ոչ միայն

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն արդեն տևական ժամանակ է, ինչ օնլայն հարթակում՝ (Ֆեյսբուք, Ինստագրամ և Յութուբ) ներկայանում է նոր՝ «Մի խոսքով» նախագծով:

«Ես ներկայացնում եմ շատ տարբեր թեմաներ, խոսում եմ այն ամենի մասին, ինչի մասին կարող է երիտասարդ տղան սրճարանում խոսել իր ընկերների հետ, թեմաներն անսահմանափակ են, այնպես չէ, որ հստակ ուղղվածություն ունեմ: Այս նախագծում կարող եք տեսնել տարբեր թեմաներ՝ սոցիալականից մինչև քաղաքական, խոսելու եմ կենցաղային հարցերի, կին-տղամարդ հարաբերությունների, համացանցի մասին: Անդրադառնալու եմ բոլոր այն թեմաներին, որոնց մասին խոսում ենք մեր ընկերների հետ, «Մի խոսքով»-ը մեր մասին է և առնչվում է մեր կյանքի հետ»,-այս մասին Asekose.am-ին ասաց Հայկ Պետրոսյանը:

Հայկի խոսքով՝ այս նախագիծը շարունակական է լինելու, թեպետ տևողության մասին դեռ դժվար է հստակ ասել: Իսկ դիտարկմանը՝ արդյո՞ք բոլոր սերիաներն են լինելու 18+ ձևաչափում՝ հաշվի առնելով զգուշացնող տարիքային սահմանաչափըՀայկն ասաց.

«Այնպես չէ, որ 18+ը գերակշռելու է, պարզապես երբեմն մտքեր և խոսքեր կան, որոնք ոչ թե գռեհիկ են, այլ ավելի լավ են հնչում այդ սահմանաչափում: Պետք է հիշել, որ ձևաչափն այնպիսին է, որ ես զրուցում եմ ընկերներիս հետ, իսկ ընկերների հետ խոսելիս մենք ավելի ազատ ենք լինում: Ամեն դեպքում նախընտրել եմ տարիքային սահմանափակում մտցնել՝ ապահովության համար»:

Այսքանով Հայկ Պետրոսյանի նորությունները չեն ավարտվում, դերասանը ներկայումս ԱՄՆ-ում է և պատրաստվում է նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսի Լանթերման Աուդիտորիում ներկայացնել իր «Ամեն ինչ լայվ ա լինելու» սթենդափը: 

«Իհարկե, ներկայացումը բավական թարմացրել եմ, կարելի է ասել՝ գրեթե նոր ներկայացում է: Առաջին անգամ եմ Լոս Անջելեսում հանդես գալու մենաներկայացումով, սակայն ավելի վաղ ելույթներ ունեցել էի: Կարծում եմ՝ ուրախ, ինչ-որ առումով նաև մտորելու ներկայացում է, տեղի հայությունը կգա և կհավանի այն»:

Հայկը նշեց, որ  մյուս նորությունն այն է, որ արդեն նոր ներկայացում է գրել.

«Նոր ներկայացման սցենար եմ գրել, այն կոչվելու է «Իմ երազած Նոր տարին»: Անվանումից էլ արդեն պարզ է, որ ամանորյա ներկայացում է: Դեկտեմբերին եմ այն ներկայացնելու, օրերը դեռ հստակ չեն: Այս ներկայացումն առաձնահատուկ տեղ ունի, որովհետև երբեք այսպիսի բան չեմ գրել, սթենդափ չէ, շոու չէ, ավելի շատ թատերական ներկայացում է, որն ունի մեկ գործող անձ, այսինքն՝ բեմի վրա ես չեմ լինելու որպես Հայկ Պետրոսյան, սա այլ տղա է: Ամանորյա, երազանքերի, տարբեր հույզերի մասին ներկայացում է, որը կրկին շատ ուրախ է, սակայն հումորն արդեն այլ է, կարծես թե չապլինյան շունչ կա ներկայացման մեջ, որը հուսամ՝ Ամանորի նախօրեին լավ զգացողություններ կպարգևի հանդիսատեսին, որոնք էլ կօգնեն հաջորդ տարին լավ տրամադրությամբ սկսել: Ի դեպ, այս ներկայացումն արդեն 12+ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին