«Թուրքիայի նախագահը Բաքվում արել է մի հայտարարություն, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Թեհրանում և Դամասկոսում։
Ադրբեջանից յուրատեսակ սպառնալիք հնչեցնելով՝ Էրդողանն ասել է, որ արցախյան հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է և իրենք ամեն ինչ կանեն, որ այն լուծվի հօգուտ Ադրբեջանի։
Սա կարող է նաև ուղերձ լինել Մոսկվային՝ Սիրիայում տեղի ունեցող բախումները տեղափոխել մեր տարածաշրջան։ Հուսով եմ՝ մեր քաղաքագետները կմեկնաբանեն իրավիճակն ու սպասվող վտանգները։ Էրդողանի խոսքը հստակ ծրագիր ուներ»,-գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանն էլ այս առիթով գրել է․
Թուրքիայի նախագահ Էրդողանը 2020թ. փետրվարի 25-ին այցելեց Բաքու, որտեղ արեց սադրիչ հայտարարություն, ըստ որի, Արցախի հարցը նաեւ Թուրքիայի հարցն է: Ինչո՞ւ հենց հիմա, քաղաքական այս լարված իրադրությունում, ի՞նչ նպատակ է սա հետապնդում, և ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ։
Առաջին անգամ չէ, որ Անկարան անում է նման հայտարարություն։ Այն ունի մի քանի դրդապատճառ։ Նախ՝ Բաքուն ղարաբաղյան հիմնախնդրի ծագման առաջին իսկ պահից փորձում է խառնվել նրա շուրջն ընթացող իրադարձություններին՝ ներկայանալով որպես Ադրբեջանի դաշնակից՝ «Երկու ժողովուրդ և մեկ պետություն» չկայացած քաղաքական միավորի բաղադրիչներից մեկը։ Հետո, այդ հայտարարությամբ Թուրքիան փորձում է հանդես գալ որպես հետխորհրդային Հարավային Կովկասի գերտերություն, անառարկելի դոմինանտ տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ։
Այնպես որ, նմանատիպ սադրիչ հավակնություններ ժամանակ առ ժամանակ հնչում են թուրք պաշտոնյաների բերանից, ինչպես նաև ցանկություններ՝ դառնալ հարցի կարգավորման պաշտոնական մասնակից ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի հետ կողք-կողքի։ Ցանկություններ, որոնք, բարեբախտաբար, մնալու են լոկ երազանք և երբևիցե իրականություն չեն դառնալու։
Այդուհանդերձ, արցախյան խնդրի մեջ քիթը խոթելու թուրքական մարմաջը ինչու՞ է ակտիվացել հենց հիմա, երբ Էրդողանը կանգնած է ռազմաքաղաքական մեծ փորձության, «լինել, թե չլինելու» խնդրի առաջ։
Էրդողանը Պուտինի հետ առաջիկա հանդիպման ընթացքում ամենայն հավանականությամբ փորձելու է ճնշել նրա վրա հայկական ուղղությամբ՝ խաղարկելով ղարաբաղյան խաղաքարտը։ Սա՝ առաջինը։ Եվ երկրորդն ու ամենակարևորը։ Այս տրյուկի հեռահար նպատակը թաքնված է թուրքական ղեկավարության պանթյուրքիստական քաղաքականության պլանների խորքում։ Պլաններ, որոնք ամփոփված են Օսմանյան կայսրության վերակենդանացման «Ազգային ուխտ» դոկտրինայում՝ ընդունված 1920 թ. Երիտթուրքերի առաջարկով թուրքական պառլամենտում։ Այդ Ուխտի իրականացումը Թուրքիան տեսնում է Մերձավոր Արևելքի, և ոչ միայն, տարածքների բռնագրավման շրջանակներում։ Սիրիա, Իրաք, Էգեյան կղզիներ, Կիպրոս, Բաթումի։ Ցուցակը կարելի է շարունակել, բայց չմոռանանք Հայաստանն ու հատկապես Արցախը։
Ռուս-սիրիական համատեղ առճակատման դինամիկան կորոշի Թուրքիայի հետագա քաղաքական քայլերը, այդ թվում նաև կովկասյան ուղղությամբ։ Եթե նա անհաջողության մատնվի Սիրիայում, ինչի հավանականությունը բավական մեծ է, ապա կարող է ակտիվացնել գործողությունները մեր տարածաշրջանում, ինչին պետք է պատրաստ լինել։
ՀՀ դիվանագիտությունն այստեղ երկու խնդիր ունի իրականացնելու՝
ա/ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ առ այն, որ Արցախի հարցի հանգուցալուծումը բացարձակապես չի մտնում Թուրքիայի միջազգային-քաղաքական գործառույթների շրջանակների մեջ,
բ/ ձեռնարկել համակարգված, լայնածավալ գործունեություն 1921 թ. Մոսկովյան և Կարսի պայմանագրերի վերանայման ուղղությամբ՝ ներգրավելով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հունաստանի, Վրաստանի, Իրանի համապատասխան կառույցներին և միջազգային կազմակերպություններին։ Ծավալել լայնամասշտաբ ինֆորմացիոն և պրոպագանդիստական աշխատանք հանրապետությունում և սփյուռքում՝ օօգտագործելով հանրային դիվանագիտության և «փափուկի ուժի» արդի բոլոր միջոցները։
Չմոռանանք, որ Թուրքիան պատրաստվում է միջազգային քննության առարկա դարձնել Լոզանի 1923 թ. Լոզանի պայմանագիրը՝ այն իր օգտին վերաձևելու միտումով։