ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղակայված, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալից կատարված հափշտակությունը: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացու:

Նախնական քննությամբ պարզվել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող, վճարային տերմինալից օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:14 ընկած ժամանակահատվածում, կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15 130 000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018թ. օգոստոսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել է քննչական պլան:


