Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Սերգեյ Լավրովն այս մասին ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի ռուսական նախագիծը կողմերին է փոխանցվել դեռ տարվա սկզբին, որն ընդհանուր առմամբ, դրական արձագանք է ստացել: Սակայն այս ընթացքում ադրբեջանական և հայկական կողմերն իրենց առաջարկներն են ներկայացրել՝ կապված ռուսական նախագծի հետ: Լավրովի խոսքով՝ աշնանը Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը ներկայացրել է փաստաթղթի հերթական տարբերակը, որից հետո Հայաստանի ներկայացուցիչներն էլ ներկայացրել են իրենց տեսակետը:
«Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, սակայն այստեղ շատ կարևոր է կողմնորոշվել հիմնական սկզբունքային հարցերի շուրջ: Այս իմաստով այն, ինչ համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Պրահայում հոկտեմբերի 6-ին, իհարկե, կարևոր նշանակություն ունի, քանի որ նրանք հաստատել են իրենց նպատակաուղղվածությունը՝ բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի հիման վրա», - ասել է Լավրովը:
Դիտեք նաև՝