Երևանի իր բնակարանում հայտնաբերվել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղայի դին:
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի 38 շենքի բնակարաններից մեկում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 1-ին հարկի բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի:
Մինչ տեղում դատաբժիշկը զննում էր դին՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ քրեականի պետ Գևորգ Բարեյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը, ով նշված շենքի բնակիչ, 48-ամյա Մ. Մուրադյանն է:
Դեպքի վայրում հավաքված հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը հանրությանը հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղան է:
Տունը ամբողջովին գտնվում է հակասանիտարական վիճակում, ոստիկաններն ու քննիչները հատուկ դիմակով են կարողացել ներս մտնել:
Դեպքի փաստով քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն: