Այսօր երեկոյան քաղաքի կենտրոնում դարձյալ կրակոցներ են հնչել: Այս անգամ դրանք հնչել են Ամիրյան փողոցի` դեպի Սարյան հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց:
Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Աղբյուրի հաղորդմամբ կրակել են 01 LN 015 պետհամարանիշով սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայի միջից: Մեքենան, նախնական տեղեկությամբ, ոստիկանության պաշտոնյայի է պատկանում: Ասացին` կրակել են ինչ-որ քաղաքացու ոտքին:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները, որոնք ժապավենով փակել են տարածքը: Քիչ հեռու կայանած է նաև նշված Mazda 6-ը: Մեզ հայտնեցին նաև, որ քիչ առաջ մի տղամարդու տարան ոստիկանները, որոնք քաղաքացուն ասել են, թե թող չանհանգստանա` իր անվտանգությունը կապահովեն: Հավանաբար տղամարդը ականատես է եղել:
Irakanum.am-ի տեղեկություններով՝ վիրավորված քաղաքացուն կրակոցներ արձակած անձի վարորդը գցել է մեքենայի բեռնախցիկն ու հեռացրել դեպքի վայրից։
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը իշխանական մեծահարուստի որդին է։ Դեպքի վայրում հայտնաբերված մեքենայի համարանիշները ամենայն հավանականությամբ պատկանում են հիշյալ մեծահարուստի ընտանիքին։ Այս պահին զերծ ենք մնում անունը հրապարակելուց, վերջնական ճշտումներից հետո կտեղեկացնենք լրացուցիչ։
Ի դեպ կրակոցներ արձակած անձի ընկերները գնացել են դեպքի վայր և սննդի կետից ցանկանում են հեռացնել տեսախցիկները։