Սարսափելի դեպք է տեղի ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող նախկին ռուսական մանկապարտեզում։
Նյուզպրեսս.am-ն է գրում ու մանրամասնում․ «Կայքի տեղեկություններով` 2024 թվականի սեպտեմբերին, Երևանի համար 121 մանկապարտեզի (նախկինում թիվ 53 ռուսական մսուր-մանկապարտեզ) դաստիարակներից մեկը բավական վատ է վերաբերվել երեխաների հետ։ Մասնավորապես, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, նա հաճախակի երեխաներին պատժել է՝ փակելով նրանց զուգարանում:
Երևույթի մասին տանը երեխաներն ինչ-որ բաներ են ասել ծնողներին ու անհանգստացնող վարքագիծ դրևսորել, ինչն անհանգստացրել է ծնողներին։ Նրանցից մեկին հաջողվել է տեսաձայնագրող սարք տեղադրել, որից հետո բացահայտվել է, թե ինչ է տեղի ունենում։
Դաստիարակին ու դայակին հեռացրել են աշխատանքից։ Իսկ ավելի կոնկրետ` հանրային տիրույթում մեծ աղմուկ չբարձրացնելու և ավելորդ ասեկոսեների տեղիք չտալու համար, նրանք սեփական դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից։ Այդ ժամանակ գործող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կատարվածի համար պատասխանատվություն չի կրել։
Դեպքից միայն 2 ամիս անց, նշանակվել է նոր տնօրեն, սակայն ոչ այդ միջադեպով պայմանավորված։
Այս վիճակից մաքուր է դուրս եկել Նորք-Մարաշի վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Լուսինե Մելիքսեթյանը, ով այդ պատասխանատու պաշտոնում հայտնվել է ամուսնու՝ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի շնորհիվ:
Իհարկե, շատերը գուցե մտածեն, թե ի՞նչ պետք է աներ, եթե դաստիարակն ու դայակն արդեն ազատվել են աշխատանքից։ Պետք է նկատել, սակայն, որ գոյություն ունի պարզ աքսիոմա-ներքևներում անկարգությունն ու, այսպես ասած, բարդակը, գալիս են վերևների «հոտած» վիճակից ու վերահսկողության բացակայությունից։
Անառարկելի է, որ եթե, տվյալ դեպքում Լուսինե Մելիքսեթյանն իրեն մի փոքր նեղություն տար, կտրվեր աթոռից ու հաճախակի շրջայց կատարեր իր վերահսկողության տակ գտնվող 2-3 մանկապարտեզում, ապա վայ-դայակներն ու դաստիարակները հազիվ թե համարձակվեին իրենց նման արարքներ թույլ տալ, քանի որ կլինեին վերահսկողության տակ և զգոն։
Ի վերջո, տիկինն աշխատավարձ է ստանում ոչ թե իր աշխատասենյակում տաք-տաք նստելու համար, այլ հենց դա է նրա աշխատանքը, որ իր վերահսկողության ներքո գտնվող կրթական օջախներում մատաղ սերնդին վտանգ չսպառնա ու չխեղաթյուրվի երեխաների հոգեկան աշխարհը։
Հավելենք միայն, որ դեպքի հետ կապված` մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև քաղաքապետարանից։
Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նկատեց, որ դեպքից տեղյակ չէ ու ճշտումներ անելուց հետո՝ մեզ հետ կապ կհաստատի։ Սակայն հեռախոսազրույցից մի քանի ժամ անց դեռ նա չէր զանգահարել, իսկ մեր զանգերին այլևս չէր պատասխանում։
Ամեն դեպքում, դեռ սպասում ենք քաղաքապետարանի մեկնաբանությանը կատարվածի առնչությամբ, և դիրքորոշումը՝ վարչական շրջանի պատասխանատուի հետագա պաշտոնավարման հետ կապված»։
Հեղինակ՝ Արմինե Մկրտումյան