Երևանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Տեղեկությունը հայտնում է օդանավակայանում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։
Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մեր գերիներից 44 հոգի ռուսական օդանավով շուտով կվերադառնան Հայաստան»։

Ավելի վաղ, նույն թեմայով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր էջում գրել էր․
«Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:
Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը»։


