pastinfo.am-ը գրում է, որ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին` մեղադրվելով մաթեմատիկայի ուսուցչի, հավաքարարի, պահակի, գործավարի աշխատավարձերը յուրացնելու մեջ:
Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ 3 ամիս ժամկետով մաթեմատիկայի ուսուցիչ աշխատելու համար դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2011թ. դեկտեմբերի 1-ին Հայկ Սիմոնյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն սահմանված ժամկետը լրանալուց հետո աշխատանքային պայմանագիրը չի լուծել և, բացի այդ, քաջատեղյակ լինելով, որ ուսուցիչն իր պարտականությունները պատշաճ չի կատարում՝ արդեն իսկ կնքված աշխատանքային պայմանագրում կեղծման եղանակով պայմանագրի ժամկետը դարձրել է 6 ամիս, իսկ ուսուցչի անվամբ դուրս գրված ընդհանուր 542.300 ՀՀ դրամ աշխատավարձը անձամբ յուրացրել:
Նախաքննական մարմնի նկարագրած մեկ այլ դրվագի համաձայն՝ Սարգսյանն աշխատանքային պայմանագիր է կնքել Մարինե Բաղդասարյանի հետ, նրան ներառել 2011-2012թթ. հաստիքացուցակում՝ որպես հավաքարար, և յուրացրել նրա անվամբ դուրս գրված 557.000 դրամը:
Հաջորդ աշխատանքային պայմանագրով էլ Սիրանուշ Հարությունյանն է որպես գիշերային պահակ ընդունվել, այնուհետև՝ աշխատանքային պայմանագրերով որպես հավաքարար ներառվել 2011-2012թթ., 2012-2013թթ. հաստիքացուցակներում: Այս դեպքում էլ յուրացված գումարը կազմում է 865.000 դրամ: Տնօրենի հաջորդ քայլն էլ եղել է որդու կնոջը՝ Սյուզաննա Քոչարյանին, աշխատանքով ապահովելը. վերջինիս ձեւակերպել է որպես գործավար և իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելով՝ տնօրենի հարսն ստացել է 252.133 դրամ աշխատավարձ: