Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։
shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել է հրազենից։ «Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը, դատախազի տեղակալ Արմեն Մուրադյանն ու ավագ դատախազ Վարդան Հարությունյանը»,-գրում է աղբյուրը։
Նշենք, որ դեպքի վայրում է նաեւ Երեւանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը: