▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկխոսության ճանապարհով գնալու ևս մեկ կոչ

Հանրապետական կուսակցության'քաղաքացիական համաձայնության, հասարակական վստահության մթնոլորտի ամրապնդման և առկա խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ հայտարարության նախագիծն ավելի քան իրատեսական և պատեհաժամ է: Այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը'խոսելով ՀՀԿ հայտարարության նախագծի մասին, որը պետք է քննարկվեր խորհրդարանական մեծամասնության կողմից երկրում ստեղծված հետընտրական իրավիճակից ելքին նվիրված արտահերթ նստաշրջան նախաձեռնելու դեպքում:                                                                                         

Նա նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած հայտարարության նախագիծն, օրինակ, ավելի շատ հիշեցնում է հանրահավաքային ելույթ, քան Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Ըստ որում, Շարմազանովը կրկին հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է ստեղծված հետընտրական իրավիճակից ելքի շուրջ երկխոսության, սակայն այդ երկխոսությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե շոու հիշեցնի: Փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն կհաստատվի, քանի որ իշխանությունը բաց է այդ երկխոսության համար: Սակայն, նա հաղորդել է, որ ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծի նկատմամբ ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ոչ կառուցողական դիրքորոշումը հաշվի առնելով'կառավարող կուսակցությունն այսօրվա դրությամբ արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում'առնվազն մինչև ընթացիկ շաբաթվա վերջը:                                                           

Ինչպես նշել է Շարմազանովը, ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծում, մասնավորապես նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովը, մտահոգված լինելով Հայաստանի հետընտրական իրադարձություններով, գիտակցելով, որ քաղաքացիական համերաշխությունը, հասարակական և քաղաքական վստահությունը կնպաստեն երկրի զարգացմանը, կոչ է անում բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ջանք գործադրել'փոխհանդուրժողականության մթնոլորտում երկխոսություն ծավալելու նպատակով: ՀՀ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում նաև կառուցողական քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների և ընտրական համակարգի բարելավման շուրջ: ՀՀ Ազգային ժողովը դիմում է երկրի բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին'կոչ անելով զերծ մնալ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող գործողություններից և գնալ երկխոսության ճանապարհով'փորձելով համատեղ ջանքներով լուծել գոյություն ունեցող խնդիրները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին