«Մեր բոլոր անհաջողությունները սկսել են զինված ուժերի նախապատրաստումը պատերազմին։ Այն տվյալները, որոնք ես կներկայացնեմ, ներկայացնում եմ տարեթվերով՝ զերծ մնալով նախկին եւ ներկա պաշտոնյաներ նշելուց, որովհետեւ ինձ այդ բառը վիրավորում է։ Այդ տեմպով շարունակելով՝ ասելու ենք՝ այս իշխանության ժամանակ այս մարդը ծնվել է, ուրեմն պիտանի է կամ պիտանի չէ»:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը:
Մովսես Հակոբյանի խոսքով՝ երբ վարչապետը հեղափոխությունից հետո Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ է նշանակել, ինքը վարչապետին ասել է.
«Երբ ես իմացա, թե ում է նշանակել, ասել եմ՝ դուք նշանակել եք ԳՇ պետ ամենանպատրաստ գեներալին՝ Արտակ Դավթյանին: Այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը: Սա դավաճանություն չի, անգրագիտություն է, պատերազմի արվեստին, ղեկավարման արվեստին չտիրապետելն է: Ես հիմա այս մասին խոսում եմ, որովհետեւ առկա խնդիրների մասին ես գրավոր ներկայացրել եմ»: