▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ լինելու «բուկլետի վրայի տղա». Հայկ Հովհաննիսյան

Asekose.am-ի զրուցակիցը «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու, Երևանի ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանն է: Վերջինիս հետ զրուցել ենք քարոզարշավի ընթացքի, օրինախախտումների մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Հայկ, դուք Երևանի ավագանու անդամ եք: Երևանցին ձեզ վստահության քվե է տվել, ինչու որոշեցիք առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու: Արդյոք պատճառն այն է, որ ավագանին, մեծ հաշվով, աշխատում է հասարակական հիմունքներով, այսինքն, չի վարձատրվում:

- Վարձատրությունն ինձ համար առաջնահերթություն չէ: Ես ստացել եմ ավագանու անդամի մանդատը, գիտակցելով և պատասխանատվության չափը, և չվարձատրվելու հեռանկարը: Լինելով ավագանու անդամ՝ քաղաքացիներից բազմաթիվ ու բովանդակային առումով  բազմազան դիմումներ եմ ստանում: Ուսումնասիրելով նրանց խնդիրները՝ նկատել եմ, որ շատ խնդիրներ առաջացել են հենց օրենսդրական բացի պատճառով: Ես ցանկանում եմ գնալ ԱԺ՝ առավել խորքային ուսումնասիրելու այդ բացերն ու դրանք ըստ պատշաճի լրացնելու:

- Օրենսդրական նախաձեռնություններ ու առաջարկներ կարող են ներկայացնել նաև քաղաքացիները: Դրա համար պարտադիր չէ դառնալ պատգամավոր:

- Այո, բայց այսքան ժամանակ ժողովրդի ձայնը լսելի չի եղել: Չեմ կարծում, թե մեր համաքաղաքացիներն այդ խնդիրները չեն ներկայացրել պատկան մարմիններին: Յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած խնդրի լուծում ունի, բայց դրան ուշադրություն դարձնել է պետք:

- Ասում եք՝ ժողովուրդը ունի լուծման տարբերակներ, ստացվում է, որ 25 տարին բոլորած ցանկացած քաղաքացի կարող է առաջադրվել: Մեծ հաշվով Իմ քայլ-ի ցուցակն էլ հենց այդպիսին է. 100-ից ավել թեկնածու, որոնց մեծ մասին ընտրողը չի էլ ճանաչում: Նրանք մարդիկ են, որոնք նույնիսկ կենսագրություն չունեն:

- Ցուցակը կազմել է հատուկ դրա համար ձևավորած աշխատանքային խումբը: Նրանք, որոնք ցանկացել են առաջադրվել, կանչվել են հարցազրույցի: Կուսակցության անդամներին էլ կարծում եմ՝ բոլորս գիտենք:

- Իսկապե՞ս կարծում եք՝ գիտենք: Ցուցակում շատերը հենց այս տարվա հոկտեմբերին են անդամագրվել:

- Եթե ներկուսակցական մակարդակում լինեին առարկություններ ցուցակի հետ կապված, կարող էինք անվստահություն հայտնել վարչությանը:Մենք չենք կարող անխտիր բոլոր առաջադրվածներին ճանաչել: Դա ուղղակի հնարավոր չէ:

- Այսինքն, դո՞ւք էլ ձեր ցուցակում ձեզ անծանոթ գործընկերներ ունեք:

- Այո:

- Ստացվում է, որ նաև այս պատճառով ռեյտինգային ընտրակարգում անհավասար մրցակցություն է ձևավորվում: Դուք ավագանու անդամ եք, բայց ռեյտինգայինով ձեզ հետ նույն ընտրատարածքում առաջադրված են նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արարաատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը և այլք:

- Անհավասար մրցակցություն... եկեք չմոռանանք, որ նրանք էլ են մի օր 0-ից սկսել: Հիմա նրանք մարդիկ են, որոնք ճանապարհ են անցել, կենսագրություն են գրել: Այդ ճանապարհով բոլորն էլ պետք է անցնեն:

- Որպես պատգամավորության թեկնածու առաջադրված եք Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչաշրջանները ներառող երրորդ ընտրատարածքում: Քարոզարշավի շրջանակում շրջում եք բակերում, պոկում այլ թեկնածուների պաստառներ:

- Ես և յուրաքանչյուրս պատահական պաստառներ չենք պոկում: Հեռացվում են միայն նրանք, որոնք օրենքով չթույլատրված վայրերում են փակցված, չափսերն էլ թույլատրելիության շեմն անցնում են:

- Ստացվում է՝ առաջադրված թեկնածուները, նրանց շտաբերի աշխատողները օրենքին չեն տիրապետում:

- Նախ, հակաէսթետիկ վիճակ է երկրում: Նախընտրական Հայաստանը պատկերասրահ է հիշեցնում: Էսթետիկայի ընկալումից բացի փորձառու չեն նաև շտաբի պետերը...

- Ձեր շտաբի պետը փորձառո՞ւ է.

- Ամեն դեպքում նա արդեն 2 ընտրության փորձ ունի: Մեզ համար կարևոր չէ՝ ով որքան փորձ ունի, կարևորն այն է՝ քարոզչանյութերի տարածմամբ չփչացնենք, չաղտոտենք մեր երկիրը: Մենք լուսանկարում ենք խախտումը, ապա հեռացնում պաստառը: Ամեն դեպքում սրան արձագանքել է նաև Երևանի ավագանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ:

- Ի՞նչ ակնկալիքով եք գնում ընտրության:

- Ես դեմ եմ ռեյտինգայինին ու հույս ունեմ, որ վերջին անգամ ենք ռեյինգային ընտրակարգը կիրառելու: Վստահեցնում եմ՝ չեմ լինելու «բուկլետի» վրայի տղա, մշտապես լինելու եմ հասանելի բոլորի համար: Ես պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքները ներդնել ի շահ մեր ժողովրդի բարօրության: Դրա համար ինձ անհրաժեշտ է. որ 3-րդ ընտրատարածքի ընտրողն իր վստահության քվեն տա 4-րդ քվեաթերթիկի 9-րդ համարին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին